ԼՂՀ-ում ծառայակցի կողմից փետրվարի 19-ին սպանված, կրտսեր սերժանտ Կամո Հովհաննիսյանին հուղարկավորել են զինվորական կարգով, հոգեհանգստին մասնակցել են ԼՂՀ վարչապետը, գլխավոր դատախազը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ԼՂՀ Շահումյանի վարչակազմի ղեկավար Կարեն Եղիշյանը:

«Կամոյին հուղարկավորել են զինվորական կարգով հայրենի Նոր Էրքեջ գյուղում»,- ասաց Կարեն Եղիշյանը:

Հիշեցնենք, որ մահացած զինծառայողը Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ համայնքի ղեկավարի որդին էր, տան ավագ զավակը, բանակ էր զորակոչվել 7-8 ամիս առաջ:

Նշենք, որ ըստ ՔԿ տարածած հաղորդագրության, նախնական տվյալներով՝ 2016 թ. փետրվարի 19-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, N զորամասի 3-րդ ջոկի գնդացրորդ, շարքային Թեմուր Սլոյանը, նույն զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի դիտակետի մոտ իրեն ամրակցված գնդացրից կրակել է նույն ջոկի հրամանատար, մարտական դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Կամո Հովհաննիսյանի դեմքի շրջանին։ Ստացած վնասվածքից նա տեղում մահացել է, որից հետո շարքային Սլոյանը ինքն իրեն գլխի շրջանում պատճառել է հրազենային մահացու վիրավորում:

Հարուցվել է քրեական գործ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 110-րդ հոդվածի 1-ին մասով:

Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 2016թ. փետրվարի 19-ին` ժամը 07:00-ի սահմանում, ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետեւանքով հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 1997թ. ծնված Կամո Արայի Հովհաննիսյանը եւ Թեմուր Շարիի Սլոյանը:

Թեմուրի հարազատները կարծում են՝ նա ընդունակ չէր սպանություն կատարելու