Գիշերը Ուկրաինայի Լվով քաղաքում անհայտ անձինք հրդեհել են «Ռուսաստանի խնայբանկի» բաժանմունքը եւ վնասել «ВТБ բանկի» երկու բաժինները, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը՝ վկայակոչելով Լվովի մարզի ոստիկանության մամուլի ծառայությունը:
Քաղաքի կենտրոնում, Ֆրանկո փողոցում, գիշերը ժամը 01.10-ի սահմաններում անհայտ անձինք դյուրավառ հեղուկով շշեր են նետել «Ռուսաստանի խնայբանկի» բաժանմունքի վրա, որը գտնվում է հին շենքի առաջին հարկում:
Արդյունքում բանկի բաժանմունքն ամբողջությամբ այրվել է: Փրկարարներին հաջողվել է մարել հրդեհն արդեն հաջորդ հարկերում:
Նույն գիշեր, ժամը 01.40-ի սահմաններում, անհայտ անձինք «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել Լվովի Չերնովոլի պողոտայում գտնվող «ВТБ բանկի» բաժանմունքի վրա: Այս դեպքում հրդեհ չի բռնկվել:
Ժամը 02.00-ի սահմաններում անհայտ անձինք «Մոլոտովի կոկտեյլ» են նետել նաեւ «ВТБ բանկի» մեկ այլ բաժանմունքի վրա՝ Ստրիսկայա փողոցում: Բանկի գրասենյակի սենյակներից մեկն ամբողջությամբ այրվել է, տուժածներ չկան:
Դեպքի վայրում աշխատում են իրավապահները: Որոշվում է քրեական գործ հարուցելու հարցը:































