ԱՄՆ Վիրջինիայի նահանգում ամերիկահայ Մայք Տիկոյանը օգնության է հասել ծովային հետեւակի վետերանին, որին ծեծի էին ենթարկել McDonald’s-ի ռեստորաններից մեկի մոտ։

ԱՄՆ ծովային հետեւակի ծառայող, Իրաքի պատերազմի վետերան Քրիս Մարկեսը Ալեքսանդրիա քաղաքում անցյալ շաբաթ McDonald’s-ի ռեստորաններից մեկից դուրս գալու պահին ավազակային հարձակման էր ենթարկվել։ Նրան ծեծել էին եւ գողացել դրամապանակը։ Մարկեսի վնասվածքներն այնքան լուրջ են եղել, որ նրան հիվանդանոց են տեղափոխել, հայտնում է FOX 5-ը։

Իրաքի պատերազմի վետերանին օգնության էր հասել NT Auto Body-ի սեփականատեր Մայք Տիկոյանը՝ նվիրաբերելով  5 հազար դոլար։

«Ես ընկերոջիցս լսեցի, թե ինչ է պատահել Քրիսի հետ։ Դա իրոք ցավալի է։ Ես ծովային հետեւակում եւ առափնյա ծառայությունում շատ ընկերներ ունեմ, որոնք բոլորն էլ զինվորական են։ Եվ երբ ես իմացա՝ ինչ է եղել, ուղղակի վերցրի դրամապանակս եւ ասացի, որ պետք է ինչ-որ բան անել»,- մեջբերում է Տիկոյանի խոսքը  FOX 5-ը։

Տիկոյանն ու նրա եղբայրը Քրիս Մարկեսին 5 հազար դոլարի անդորրագիր են տվել, որպեսզի հոգան նրա բուժման ծախսերը։

Պարբերականը հիշեցնում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ ազգությամբ  հայ «բարի սամարացիները» օգնության են հասնում մարդկանց։ Դեռ 2013թ. Ալեքսանդրիա քաղաքում պարեկային ծառայություն իրականացնելիս ոստիկաններից մեկը հրազենային վիրավորում էր ստացել։ Տիկոյանն այդ ժամանակ ոստիկանին մեքենա էր նվիրել՝ անակնկալ մատուցելով նրան։