Լիտվայում մանկավարժները համազգային գործադուլ են սկսել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում եւ կրթական հաստատությունների ֆինանսավորման մեծացում։ «Կառավարության հետ բանակցություններն անարդյունք են ավարտվել, ուստի ակցիան չեղարկելու հիմքեր չեն եղել»,- ասել է գործադուլը կազմակերպած 6 արհմիություններից մեկի ղեկավար Անդրյուս Նավիցկասը։
Նախարարների կաբինետը փետրվարի 19-ին՝ արհմիությունների հետ բանակցություններից հետո, խոստացել էր ընթացիկ տարում մանկավարժների աշխատավարձերի բարձրացման համար 5 մլն եվրո հատկացնել։ Արհմիությունների հաշվարկների համաձայն՝ պահանջների նվազագույն բավարարման համար 4 անգամ ավելի շատ գումար է անհրաժեշտ։ «Առաջարկում ենք հրաժարվել կառավարության այդ ողորմությունից եւ ընդվզել, եթե կառավարությունը չի ուզում կամ չի կարող ուղղել իրավիճակը մինչեւ մարտի 10-ը՝ խորհրդարանի գարնանային նստաշրջանի մեկնարկը»,- ասել է Նավիցկասը։
Բողոքի ակցիային մասնակցում է Լիտվայի ուսումնական հաստատությունների մոտ 12 տոկոսը։
Լիտվայում ուսուցչի միջին աշխատավարձը ԵՄ-ում ամենափոքրն է եւ հարկերը չհանած՝ կազմում է տարեկան6.9 հազար եվրո։




























