Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է մի շարք համատեղ միջոցառումներ իրականացնել: «Կառավարության համապատասխան հանձնաժողովների համանախագահներն ինձ զեկուցեցին, որ շատ առաջարկներ կան տարբեր ոլորտներում համատեղ միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ»,- ասել է նա ու հավելել, որ այդ ուղղությամբ մի շարք լուրջ որոշումներ պետք է կայացնել:
Ուկրաինան եւ Ռուսաստանը կարող են համատեղ նախագծեր իրականացնել կապված 2014-ին Սոչիի օլիմպիադայի, ինչպես նաեւ 2012-ի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության անցկացման հետ կապված:
«Կցանկանայի, որ շեշտը դրվեր Ուկրաինայում Եվրո-2012-ի անցկացման, այնուհետեւ 2014-ին Սոչիի օլիմպիադայի վրա»,- ասել է Յանուկովիչը:
Բացի այդ, նա Մեդվեդեւին խնդրել է օլիմպիադայի անցակցման փորձը կիսել իրենց հետ, քանի որ Ուկրաինան հանդես է եկել առաջարկով, որպեսզի 2022-ին ձմեռային օլիմպիադան անցկացվի Կարպատներում:





























