Ապրիլի 13-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում «ինքնասպանված» Վահան Խալաֆյանի գործով նոր տեղեկություններն են ի հայտ եկել:

«Ժամանակ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Վահանին ծեծել է բաժնի պետի օպեր գծով տեղակալ Սամվել Տոնոյանը, գողության համար բաժին բերման ենթարկված, իսկ Վահանի դեպքից հետո երկրից հեռացած Նորայր Չիլյանի ծնոտը կոտրել կամ վնասել է ոստիկանության աշխատակից Արտակ Մկրտչյանը, ում մասին քրգործում, կարծես թե, ընդհանրապես մոռացել են որեւէ կարգավիճակով նշել: Բացի դա, չնայած գողության մասով (որի կասկածանքով էլ բերման էին ենթարկել տղաներին) քրգործը ավարտվեց Վերաքննիչում, սակայն հետաքրքիր է, որ դատավճռում այդպես էլ չհիշատակվեցին Նորայր Չիլյանի եւ Արայիկ Առաքելյանի անունները, փոխարենը հիշատակված էր հանգուցյալ Վ. Խալաֆյանը: Գործը ավելի չբարդացնելու համար հենց Տոնոյանն է գնել ինքնաթիռի տոմսերը, որոնցով Ն. Չիլյանն ու Ա.Առաքելյանը շատ արագ լքել են երկիրը: Նաեւ տեղեկություններ կան, որ Ս. Տոնոյանը հովանավորվում է նախագահականից, դրա համար էլ թերթի աղբյուրներով, Սերժ Սարգսյանին հասցրել են, թե իբր Աշոտ Հարությունյանն ավելի մեծ հանցագործություն է արել, իսկ նրան առաջադրված մեղադրանքը՝ «ամենամեծ լավությունն է»: Այդ ամենը հալած յուղի տեղ ընդունող նախագահականը աչք է փակում գործի բուն հանգամանքների վրա եւ արդեն 30 տարի Սամվել Տոնոյանին պահում Չարենցավանի բաժնում՝ որպես «սեփական» կադր: