«Չորրորդ ինքնիշխանություն» թերթն անդրադարձել է youtube-ում հայտնված հայտնի տեսանյութի (որտեղ սպան նվաստացնում եւ բռնության է ենթարկում զինվորներին) հեղինակների խնդրին, նշելով, որ, ըստ լուրերի, այդ կադրերը կոնկրետ իշխանական գործիչների «պասով» youtube-ում տեդադրել է ՀՀԿ անդամ Մենուա Հարությունյանը։

«Սակայն երբ վերջինիս հարցաքննել են, ասել է, թե ինքը Արամ Հարությունյանի՝ «Հայլուրի» նախկին աշխատակցի կայքից է վերցրել։ Հիշեցնենք, որ նույն Ա. Հարությունյանին էին վերագրվում ոչ վաղ անցյալում նույն ցանցում հայտնված կադրերը՝ Հրանտ Թոխատյանի եւ Ալբերտ Ազարյանի` Սերժ Սարգսյանի հասցեին արված «գեղեցիկ արտահայտությունների» վերաբերյալ: Հաշվի առնելով նախկին փորձը, անմիջապես Ա. Հարությունյանը տարվել է 6-րդ վարչություն, որտեղ զանգահարել է ինչ-որ մեկը եւ ասել, թե Արամին ազատ արձակեք»,- գրում է «ՉԻ»-ն ու հավելում, որ երեկ ինքը` Արամ Հարությունյանը իրենց ասել է, որ որեւէ կապ չունի այդ կադրերի հետ:

Հիշեցնենք, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունը տարածել էր հաղորդագրություն, որում ասվում էր, թե նախարարությունը գտնելու եւ խստորեն պատժելու է տեսանյութը տարածողներին: