Հայաստանի բոլոր քաղաքական ուժերն արդեն սկսել են նախապատրաստվել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, այդ թվում նաեւ Դաշնակցությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով, պետք չէ հավատալ այն ուժերին, որոնք ասում են, թե հանգիստ նստած են եւ չեն պատրաստվում ընտրություններին:
«Ոմանք ընտրություններին պատրաստվում են ավելի ակտիվ, մյուսներն` ավելի պասիվ: Դա ընդամենը քաղաքական ռազմավարության հարց է, բայց, որ բոլոր քաղաքական ուժերն են պատրաստվում ընտրությունների, դա ակնհայտ է»,- նկատել է Ռուստամյանը, հավելելով, որ ՀՅԴ-ն, ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, հիմա չի քննարկում ընտրական ցուցակներ կազմելու հարցը:
«Մեզ մոտ կուսակցական ցուցակներ կազմելու հարցով խնդիրներ չեն ծագում: Ավելի լավ է, այդ խնդրով մտահոգվեն այն ուժերը, որոնք ամեն մի ընտրական ցուցակ կազմելիս հայտնվում են պառակտման շեմին: Բայց չգիտես ինչու, հենց այդ ուժերն են ամենից շատ խոսում ՀՅԴ շարքերում հակասությունների մասին: Արդեն 20 տարի է, այդ քաղաքական ուժերն ասում են, որ ՀՅԴ-ն պառակտման շեմին է, բայց կուսակցությունն, ի հեճուկս այդ կանխատեսումների, գոյություն ունի արդեն 120 տարի եւ այդքան էլ գոյություն կունենա, քանի դեռ չեն լուծվել Հայ Դատի պահանջները»,- հայտարարեց նա:
Անդրադառնալով նրան, թե ինչպիսին կլինի քաղաքական իրավիճակը առաջիկա ամիսներին, խորհրդարանականը նշեց, որ գործընթացները շատ բուռն են լինելու, քանի որ օրակարգում են համահայկական խնդիրներ, ինչպիսիք են հայ-թուրքական հարաբերությունները, ԼՂ խնդիրը, եւ գնալով սրվող ներքին խնդիրները, որոնք կապված են մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ սոցիալական արդարության պակասի հետ: «Այդ ամենը խոսում է ներքին լուրջ խնդիրների առկայության եւ հասունացող ճգնաժամի մասին»,- հայտարարեց Ռուստամյանն, ընդգծելով, որ դրա վկայությունն է «որակյալ էմիգրացիայի» մասշտաբների մեծացումը, երբ Հայաստանը լքում են արդեն այն մարդիկ, ովքեր պետք է կառուցեին երկրի ապագան:




























