Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում չլուծված բազմաթիվ խնդիրների մասին շարունակում է հիշատակվել ե′ւ հայաստանյան, ե′ւ միջազգային կառույցների զեկույցներում։ 2014 թվականին խնդրահարույց ոլորտի պատասխանատվությունը ստանձնեց փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը, ով պնդում է՝ քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալները հավասար պայմաններում են. խոշտանգում, ծեծ, անմարդկային վերաբերմունք չկան։ Մինչդեռ մի քանի օր է լրահոսը հեղեղված է կալանավորված ակտիվիստ Վարդգես Գասպարիին խցում դաժանաբար ծեծի ենթարկելու տեղեկություններով: Գասպարին անձամբ է մանրամասնել, թե հացադուլի ու ջրադուլի մեջ գտնվելով հանդերձ խցակիցները ինչպես են իրեն կտտանքների ենթարկել: Թե՛ Գասպարիի հետ տեղի ունեցածի, թե՛ ոլորտի հիմնախնդիրների մասին  NEWS.am-ը զրուցել է ԱՆ քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանի հետ:

Պարոն Օսիկյան, մի քանի օր է` լրատվամիջոցները հեղեղված են Վարդգես Գասպարիի նկատմամբ խցում իրականացված խոշտանգումների մասին տեղեկություններով: Նա անձամբ է մանրամասնել իր հետ տեղի ունեցածի մասին:  Կարո՞ղ էին այդպիսի դաժանությամբ կտտանքները վրիպեին ՔԿՀ ծառայողների աչքից: Արդարադատության նախարարն այնուամենայնիվ հայտարարել էր, որ խցակիցների հետ խնդիրներ է ունեցել: Դուք ի՞նչ պարզեցիք:

Բոլոր հարցերին միանգամից պատասխանեմ. իմ հրահանգով քրեակատարողական վարչության ներքին անվտանգության բաժինը ուսումնասիրություն է կատարել, որի արդյունքում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից Վարդգես Գասպարիի նկատմամբ որեւէ անօրինական գործողության փաստ չի հիմնավորվել, ինչը հաստատվել է նաեւ Վարդգես Գասպարիի կողմից: Սակայն, հաշվի առնելով լրատվամիջոցներում Գասպարիին խցակիցների կողմից ծեծի ենթարկելու մասին հրապարակումները, այդուամենայնիվ, փաստի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր, կատարվում է հետաքննություն:

Դա տեղի է ունեցել խցում, դժվա՞ր է պարզել` ծեծել են, թե՞ ոչ:

Առայժմ ես ոչինչ չեմ կարող ավելացնել: Հետաքննության արդյունքների մասին հանրությանը, լրատվամիջոցներին լրացուցիչ կտեղեկացվի: Կրկնում եմ` Գասպարին ծառայողներից բողոք չի ներկայացրել: Նա տեղափոխվել է մեկ այլ խուց, եւ այս պահի դրությամբ նրա կողմից որեւէ բողոք չի ստացվել:

Գեւորգ Սաֆարյանի  կալանավորվելուց օրեր անց էլ  փաստաբանը բարձրաձայնեց, որ դիտարվորյալ նրան տեղափոխում եք քրեածին տարրերի խուց, որտեղ նրա կյանքի համար վտանգավոր էր։ Խոշտանգելու, ծեծի ենթարկելու ահազանգեր լինում են գրեթե բոլոր քաղբանտարկյալների դեպքում, ինչը պայմանավորվում է նրանց քաղաքական հայացքներով:

Նախ` Ձեր «քաղբանտարկյալներ» եզրույթի հետ  համաձայն չեմ, ինչ վերաբերում է ազատազրկված Գեւորգ Սաֆարյանին, նշեմ՝ խոշտանգում չի եղել նրա նկատմամբ, ինչը հիմնավորվել է նաեւ իմ կողմից հանձնարարված ստուգումների առումով: Այլ խուց տեղափոխելը պայմանավորված էր քրեական հիմնարկներում աշխատանքի կազմակերպմամբ: Բնական է՝ տարբեր ժամանահատվածում կարող է խցի փոփոխություն լինել, անհամատեղելիության խնդիրներ են առաջանում, եւ նման պայմաններում խցերի փոփոխությունը բնական է։ Ինչ է  նշանակում` քրեական տարրերի խուց ենք տեղափոխել, բոլոր կալանավորված անձինք, բնական է, պահվում են քրեակատարողական հինարկում: Մեկը, կարող է, գողության համար, մյուսը` ավազակային հարձակման,  սպանության համար: Այսինքն՝ քրեական օրենսգրքում կան տարբեր հոդվածներով դատապարտվածներ: 

Խոշտանգումների մասին բարձրաձայնում են նրանց պաշտպանները, ոչ թե անտեղյակ քաղաքացիներ։ Ուզում եք ասել՝ փաստաբանները իրականության հետ կապ չունեցող հայտարարություններ են անո՞ւմ։

Փաստաբանները հնչեղության հետ կապված կարող են ասել, ես չեմ, որ պետք է ասեմ: Քաղաքական հայացքների համար հատուկ ճնշումներ չկան:
Ես չգիտեմ՝ ինչ է այդ եզրույթը՝ քաղաքական հայացքների համար․․․ցանկացած անձ, որ մուտք է գործում քրեակատարողական հիմնարկ, բնական է, ունի հավասար իրավունքներ եւ ունի հավասար պարտականություններ: Մեզ համար բոլորը հավասար են օրենքի առջեւ:

Համաձա՞յն եք, որ մարդիկ պատիժը պիտի կրեն ազատազրկվելով, ոչ թե կալանավայրում խոշտանգվելով ու անմարդկային պայմաններում ապրելով։

Հասկանում եմ ակնարկը, կատեգորիկ հայտարարություններ անելն անթույլատրելի է, քրեակատարողական հիմնարկներում անմարդկային վերաբերմունք չկա: Կարող է`  ազատության մեջ գտնվող անձն էլ մեկ այլ անձի նկատամամբ անհարգալից, նվաստացուցիչ վերաբերմունք ցուցաբերի, անազատության պայմաններում նույնպես  կարող է մեկը մյուսի նկատմամբ լինել անհարգալից, բայց միանշանակ նշել, որ բոլոր իրավիճակներում իմպերատիվ, ստորացոցիչ պայմաններում են, սա իմ կողմից անթույլատրելի իրականությանը չհամապատասխանող վերաբերմունք է:

Այդ դեպքում ինչո՞վ եք բացատրում միայն մեկ ամսվա ընթացքում նորաբաց «Արմավիր» ՔԿՀ-ում ինքնասպանության երեք դեպքը: Ընդ որում` 21-ամյա Անզոր Կարապետյանը մեկ օր էր անցկացրել այդտեղ:

Նախ` Արմավիր տեղափոխվել են  ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձինք՝ որպես առավել անվտանգ հիմնարկ լինելու առումով․․․ Միգուցե զուգադիպություն էր երեք դեպքը, ձեռնպահ եմ մնում որեւէ գնահատական տալուց, քննչական մարմինները քննություն են իրականացնում, հուսով եմ՝ ճշմարտությունը կպարզվի: Տվյալ դեպքը ես էլ եմ ցավով տարել, քննությունը կտա այս հարցերի պատասխանները:

Մի քանի ամիս առաջ տեղեկություն տարածվեց, որ «Նուրաբաշեն» ՔԿՀ աշխատակիցները դիմակավորված հարձակվել էին դատապարտյալների վրա, բռնություն գործադրել, խուզարկել խցերը, նրանց հարազատները ահաբեկված ահազանգել էին լրատվամիջոցներին, իրավապաշտպաններին: Ի՞նչ էր տեղի ունեցել եւ ինչո՞ւ էին նման անմարդկային վերաբերմունքի արժանացել բանտարկյալները:

Ես հավաստիացնում եմ, որ ծեծ ու խոշտանգում չէր եղել: Մենք ամբողջ տեսագրությունը դիտել ենք. նման բան չի եղել, իսկ ձայնագրությունն ուղղակի պայմանավորված էր նրանով, որ կողքի խցերից աղմկել են, ինչը սովորական բան է քրեակատարողական հիմնարկում, սա նախադպրոցական հիմնարկ չէ: 

Այդ ժամանակ նշվեց, որ հարձակման պատճառը եղել է բանտարկյալների մոտ հեռախոսներ առկայությունը։ Հայտնի է, որ ոլորտում գործող կոռուպցիոն դրսեւորումներից մեկն էլ հեռախոսներն են, որոնք ՔԿՀ աշխատակիցներին կաշառելու միջոցով հայտնվում են ներսում: Ըստ իրավապաշտպանների՝ ՔԿՀ ղեկավարության գիտությամբ դրանք մնում են բանտարկյալների մոտ՝ որպես նրանց վերահսկելու, կառավարելու լծակ։  Իրավապաշտպաններն առաջարկում են խնդիրը լուծել՝ թույլ տալով կալանավորներին հեռախոս ունենալ: Ինչո՞ւ եք սա անիրագործելի համարում։

Ինչ ասել է լուծում այդ հարցին, եթե նրանք որեւէ երկիր ցույց կտան` բացի Ուկրաինայից, որ  ազատականացվել է, մենք կփորձենք ուսումնասիրել այդ երկրի փորձը: Երբ խոսում ենք Ուկրաինայի մեր գործընկերների հետ, նրանք էլ համարում են, որ դա ճիշտ լուծում չէ, ու ավելի շատ հակված են կրկին արգելելուն: Հեռախոսի նպատակը հարազատների հետ հաղորդակցությունն է, որի հետ կապված հնարավարություն կա, ու դա օրենքի շրջանակում է: Բայց ոչ բջջային կապը: Այն երկրները, որտեղ տեղադրված են ժամանակակից տեխնիկայի միջոցներ, մասնավորապես ԱՄՆ Վաշինգթոն նահանգում, մեկ տարվա խուզարկությունների արդյունքում 3 քրեակատարողական հիմնարկից առգրավվել է շուրջ 10 հազար հեռախոս: Այսինքն` խնդիրը բոլոր երկրներում կա: Անցյալ տարի մենք առգրավել ենք շուրջ 3 հազար հեռախոս: Մենք մտածում ենք տարբեր ճանապարհներով կանխել հեռախոսների ներթափանցումը եւ ստուգայցերի, խուզարկությունների միջոցով նվազագույնի հասցնել, բայց այս պահին մեր դիրքորոշումն այն է, որ դեմ ենք բջջային հեռախոսների ազատականացմանը քրեակատարողական հիմնարկներում, հնարավոր է՝ դատապարտյալը, անազատության մեջ գտնվելով, բազմաթիվ հանցագործություններ կատարի  ու այլ խախտումներ, այդ պատճառով գտնում ենք, որ չպետք է ազատականացվի: Առաջիկայում մտածում ենք մի համակարգի ներդրմամբ խնդիրը լուծել:

Ի՞նչ համակարգի մասին է խոսքը:

Ներկայումս քննարկումների մեջ ենք, զուտ տեխնիկական կարգավորոմներ են, այս մասին հիմա չեմ կարող խոսել, առաջիկայում կքննարկենք, թույլտվության սահմաններում կտարածենք հաղորդագրություն: Հարազատների շփման հետ կապված մենք նոր քայլեր ենք ուզոuմ անել, մտածում ենք skype տեսակապի ներդրման մասին, կարծում եմ` սա քայլ առաջ է: Այսպիսով հնարավարություն կտանք դատապարտյալներին հարազատների հետ շփվելու:

Ի՞նչ ժամկետում կարող է իրականություն դառնալ, օրինակ, skype-ի իրագործումը, մե՞կ տարվա, կե՞ս տարվա մասին է խոսքը: 

Նախագիծն արդեն արդարադատության նախարարությունում է: Բնական է՝ սահմանված ժամկետում շրջանառության մեջ կդրվի: Կարծում եմ` կես տարվա ընթացքում հնարավոր է` ունենանք:

Հեռախոսը համարվում է ՔԿՀ-ում կոռուպցիոն ռիսկերից մեկը, միգուցե հենց այս առումով ձեռնտո՞ւ չէ այն ազատականացնել։

Ղեկավարության կողմից չկա թողտվության ու հովանավորության  իրավիճակ: Իմ կողմից անակնկալ այցեր են լինում, պարբերաբար պլանային ու ոչ պլանային այցեր են լինում, եւ դրա արդյունքում հայտնաբերված խախտումներով ծառայողական քննություն է անցկացվում: Եթե հայտնվում է քրեակատարողական հիմնարկում արգելված իր, ասենք՝ հեռախոս, դու չես կարող ասել՝ երբ է հայտնվել, ում միջոցով, կամ ում հերթափոխության ժամանակ է, եթե տվյալ պահին դու դա չհայտնաբերեցիր: Եթե հիմա մենք հանձնուքները օնլայն ճանապարհով փոխանցելու ինստիտուտը զարգացնենք, բնական է՝ շղթայական հարցերը կլուծվեն:

Բանտախցերի գերբնակեցումը, կենցաղային պայմանների ու սանիտարահիգիենիկ նորմերի, պատշաճ բուժսպասարկման եւ առողջապահության մատչելիության բացակայությունը, ցմահ դատապարտյալների նվաստացնող պայմանները, որոնք շարունակվում են տարբեր զեկույցներում արձանագրվել, որը նաեւ Մարդու իրավունքների պաշտպանն էր անդրադարձել: Այս խնդիրները լուծելու ուղղությամբ որեւէ առաջընթաց արձանագրե՞լ եք։

Այն ժամանակահատվածը, երբ որ դիտարկումներ էին արվել, եղել են խնդիրներ, որոնց մի մասի հետ համաձայն ենք, մի մասի` ոչ: Դուք գիտեք, որ բացվեց նորակառույց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը, որով մասամբ լուծվեց գերբնակեցման խնդիրը։ Ավելին՝ ասեմ, որ առաջիկա երկու ամսվա ընթացքում գերբնակեցման հետ կապված ոչ մի խնդիր չի լինելու: Ինչ վերաբերում է բուժսպասարկման հետ կապված խնդիրներին, ասեմ՝ որակը ուղիղ համեմատական է բուժանձնակազմի որակին, կադրային խնդիր գոյություն ունի, եւ երկրորդը՝ բժշկական պարագաներով ու տեխնիկայով հագեցվածությունը: Տվյալ պահին Եվրամիության համապատասխան ծրագրի շրջանակում ակնկալիք ունենք։ 900 հազար եվրոյի ծրագիր է իրականացվում, եւ այստեղ մի մասը վերաբերում է բժշկական սարքավորումներով քրեակատարողական հիմնարկները հագեցնելուն։ Մինչ այդ, քանի որ ունեինք պետբյուջեի խնայված միջոցներ, ուղղեցինք համապատասխան սարքավորումների ձեռքբերմանը: Մենք պրոֆեսիոնալ կադրերի խնդիր ունենք, մեր օրենքում արգելք կար, որ 30 տարին լրացված անձը չէր կարող աշխատել քրեկատարողական հիմնարկներում, մենք առաջարկով հանդես եկանք շեմը բարձրացնել մինչեւ 45 տարեկանը: Այսինքն` այդ խնդիրները աստիճանաբար  փորձում ենք լուծել օրենսդրական փոփոխություններ իրականացնելով։ 

Հետագա պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների հարցը կարծես մնում է չլուծված: Ամենացցուն օրինակն այս հարցում ցմահ բանտարկյալ Սողոմոն Քոչարյանի դեպքն էր, նա ազատ արձակվեց մահվան շեմին: Դիտորդական խմբերը արձանագրում են, որ ծանր հիվանդության հիմքով պատժից ազատման համակարգի հետ կապված խնդիր կա։ Այս ուղղությամբ ի՞նչ է արվում։

Համապատասխան բժշկական հանձնաժողովները կատարում են իրենց գործառույթները, եթե կա ախտորոշում, որը համապատասխանում է 825 որոշամը,  տրվում է հանձնաժողովային եզրակացություն, հետո միջգերատեսչական հանձնաժողով: Այսինքն՝ գործընթացն ունի հստակ ժամկետային սահմանումներ: Մենք մշակել ենք համապատասխան որոշման նախագիծ, ուղարկել նախարարություն, որպեսզի որքան հնարավոր է ժամկետային առումով կանոնակարգեն: Այդ նախագիծը դեռ քննարկման փուլում է: Ժամկետներն ենք փորձում կանոնակարգել, որ ավելի արագ լինի, ու որեւէ մեկը թույլ չտա, որ ժամկետի բացակայության փաստը օգտագործեն այլ նպատակով:  Բայց նշեմ, որ միայն անցյալ տարվա ընթացքում 4-5 դատապարտյալի որոշում է եղել, որ ազատվել են: Չկա դեպք, երբ որ մենք ունենանք 825 որոշման համապատասխան հիվանդություն եւ ընթացք տված չլինենք: Այնպես չէ, որ ժամկետների հստակություն չկա, չի իրականացվում 825-ը: Սողոմոն Քոչարյանի հիվանդության եզրակացությունից հետո նրան ազատելու ամբողջ գործընթացը մեկ ամիս է տեւել: Ես գտնում եմ, որ խնդիր կա ժամկետների հետ կապված, եւ դա պետք է կատարելագործել: Ես նշեցի՝ 4-5 դեպք կա, որ 2015 թվականին ազատվել են պատժի կրումից, որից մեկը Ձեր կողմից հիշատակված Սողոմոն Քոչարյանն է: Չկա որեւէ դեպք, երբ որ հաստատվել է, որ դատապարտյալը 825 որոշման համաձայն հիվանդություն ունի, եւ ընթացք ստացած չլինի, բացառվում է:

Դատապարտյալները դժգոհում են, որ պատժից վաղաժամկետ ազատման հանձնաժողովը չի գործում, կամայական մոտեցում է ցուցաբերվում: Այս ուղղությամբ ի՞նչ քայլեր են արվում:

Հանձնաժողվում կան տարբեր կառույցների ներկայացուցիչներ, բնական է՝  գնահատականը մեծ պատասխանատվություն է: Պետք է համոզմունք ունենա, որ տվյալ դատապարտյալը պատժի կեսը չի կրում եւ վերադառնում հասարակություն, արդյո՞ք հանցանք չի գործում:

Հստակ  դրույթներ կան սահմանված, որոնց համապատասխանելու դեպքում պետք է ազատվեն, այդպես չէ՞:

Ցանկացած դեպքում կան գնահատողական հասկացություններ: Գնահատել՝ արդյո՞ք ուղղվել է դատապարտյալը, պետք է այնպիսի կարգավորումներ լինեն, որ հարցի պատասխանը ավելի հեշտ կգտնեն: Դրա համար, կարծում եմ, աշխատանքային խումբը միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքներով կգտնի ռացիոնալ լուծումներ այս առումով: 

Գաղտնիք չէ, որ դատապարտյալների միջեւ գոյություն ունեն հիերարխիա,  «զոն նայողի» ինստիտուտ եւ դրա հետ կապված այլ արատավոր երեւույթներ:  Հաճախ է բարձրաձայնվում, որ, այսպես ասած, «նայողները» ՔԿՀ ղեկավարների թույլտվությամբ արտոնյալ պայմաններում են, բարեկարգ խցերում։ Նրանք ճնշումների, նվաստացումների միջոցով այլ կալանավորների մոլախաղերի մեջ են ներգրավում, որից հետո հարազատներից սպառնալիքներով գումար պահանջում։ Դուք ինչպե՞ս եք պայքարում այդ երեւույթների դեմ:

Ես որ նշում եմ` անթույլատրելի վարքագծի դեմ պայքարում ենք եւ այլն, դրանք լոկ խոսքեր չեն: Մենք նախորդ տարի ներկայացրել ենք` որքան դատապարտյալներ են տույժի ենթարկվել, մեզ համար բոլոր դատապարյալները հավասար են այն առումով, եթե կատարում են իրավախախտում: Եթե ինչ-որ մեկը հնարավորոթյուն ունի օրենքով չարգելված իր ունենալու իր խցում, ասենք՝ հեռուստացույց, սառնարան, եւ մեկ ուրիշ դատապարտյալ չունի այդ հնարավորությունը, դա չի նշանակում, որ դա թողտվության արդյունք է: Ի՞նչ ասել է` լավ պայմաններով խցերում: Եթե դատապարտյալը չարգելված իրերի միջոցով լավ  պայմաններ է ստեղծում, դրա մեջ որեւէ բան չկա:  Բացառվում է, որ որեւէ դատապարտյալ լինի արտոնյալ վիճակում: Ես ուզում եմ ասել՝ անկախ նրանից` Ձեր կողմից գնահատված հիերարխիկ աստիճանում է գտնվում ազատազրկվածը, թե ոչ, եթե կատարում է իրավախախտում, պատժվում է, անկասկած: Եթե ես նշեմ՝ նման երեույթ չկա, առնվազն ճիշտ չեմ լինի, ուղղակի մշտական հսկողության տակ են, ու պետք չէ ուղղակիորեն ընդունել, որ մոլախաղերը կազմակերպվում են ծառայողների գիտությամբ կամ նրանց հսկողության տակ: Դրանք բոլորովին այլ ձեւերով են իրականացվում եւ անվերահսկելի են:

Ցմահ դատապարտյալների գործերի վերանայումը մոտ ապագայում հնարավոր համարո՞ւմ եք։

Դրանով մենք չենք զբաղվում: Ես չեմ հարցի հասցեատերը, չեմ կարող պատասխանել։ Բայց մեր լիազորությունների մասով կարող եմ նշել, որ ցմահ դատապարտյալների կողմից որոշակի արտոնությունների ընդլայնում կլինի՝ զբոսանքի, փակ ռեժիմի եւ տեսակցությունների առումով չափաքանակի ավելացում: Նախագիծ ենք մշակել, որը գտնվում է կառավարությունում, եւ երբ որ Ազգային ժողովն ընդունի, կավելանա նրանց տեսակցությունների  քանակը:

Նշում եք, որ այս կամ այն նախագիծը ներկայացրել եք նախարարություն քննարկման, հնարավո՞ր է` դրանք արագ չեն լուծվում նախարարի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։

Մեր հարաբերությունները կառուցողական են:

Լրատվամիջոցները  հաճախ են ձեզ ներկայացվում որպես հակառակորդներ:

Այնքան բան է գրվում մամուլում:

Հովհաննես Մանուկյանի օրոք այդպես չէր գրվում, իսկ Արփինե  Հովհաննիսյանի նշանակվելուց  հետո  լուրեր կան,  որ փորձում է ամբողջությամբ իր կառավարման տակ առնել Ձեր ղեկավարած վարչությունը, ինչի դեմ Դուք պայքարում եք։ 

Չկա նման բան: Մենք նորմալ ախատանքային, կառուցողական հարաբերություններ ունենք: Ես գոհ եմ մեր աշխատանքային հարաբերություններից, ամեն ինչ ստացվում է:

Արդարադատության նախարարը չի այցելում քրեակատարողական հիմնարկներ, ձեր կարծիքով, դա ինչո՞վ է պայմանավորված:

Ես չեմ կարող Ձեր հարցին պատասխանել, փորձեք հարցն ուղղել տիկին Հովհաննիսյանին: Մենք կառուցողական մթնոլորտում փորձում ենք լուծում տալ խնդիրներին։