Կալանավորված քաղաքացիական ակտիվիստներ Գեւորգ Սաֆարյանը եւ Վարդգես Գասպարին նույն խցում են: Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, NEWS.am-ին հայտնեց փետրվարի 19-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորված Վարդգես Գասպարիի կինը՝ Անահիտ Այվազին:
Գասպարիի կինը հայտնեց, որ այսօր այցելել է կալանավայր՝ իր ամուսնուն տեսության:
«Ասում էր՝ լավ է զգում իրեն, տրամադրությունն էլ էր լավ, մենակ մի քիչ հենվում էր սեղանին, դժվարությամբ էր կանգնում»,-ասաց Անահիտ Այվազին:
Նշենք, որ Վարդգես Գասպարին իրեն այլ խուց տեղափոխելու եւ իրեն ապօրինաբար կալանավորելու դեմ մի քանի օր հացադուլի եւ ջրադուլի մեջ էր, որոնցից սակայն արդեն հրաժարվել է: Նրան տեղափոխել են այլ խուց: Գասպարիին այցելել են ՄԻՊ գրասենյակի արագ արձագանքման խմբի անդամները եւ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդները:
Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին փետրվարի 19-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել է:
Նա մեղադրվում է վարչական գործով նշանակված դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող ոստիկանության ներկայացուցիչների եւ դատական նիստը նախագահող դատավորի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ:
Իսկ Գեւորգ Սաֆարյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներից հետո: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը: Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:





























