Հայաստանում ռուսական ռազմաբազայի ժամկետի երկարաձգման մասին պայմանագիրը սպառնում է տարածաշրջանի երկրներին՝ առաջին հերթին Թուրքիային եւ Ադրբեջանին։ Նման կարծիք է հայտնել Թուրքիայի TURKSAM ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սինան Օգանը։

Նրա խոսքով, այս պայմանագրի ստորագրմամբ, Մոսկվան, երեւում է, հակամարտող կողմերին ազդանշան է ուղարկում, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններ թույլ չի տա։ Քաղաքագետը նշել է, որ այս իրավիճակում Բաքուն եւ Անկարան պետք է իրենց կողմը գրավեն Մոսկվային կամ գոնե հասնեն նրա չեզոքությանը։ «Ադրբեջանն ուժեղ պետություն է, ոչ թե Վրաստանի նման, որին հնարավոր կլինի ուժով վախեցնել։ Բացի այդ, նա, ով կցանկանա նման բան անել, չպետք է մոռանա թուրքական գործոնի մասին։ Ի տարբերություն ԱՄՆ-ի, որ 2008-ին խոստացել էր օգնել Վրաստանին, սակայն չպահեց իր խոսքը, Թուրքիան եղել է եւ կլինի Ադրբեջանի կողքին»,- ասել է նա։

Օգանը չի բացառել ղարաբաղյան հակամարտության գոտում հետագայում թուրք խաղաղապահների հնարավոր տեղակայումը: