Ռուսաստանի Դաշնությունում ձերբակալվել է Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանի որդին՝ Ռոբերտ Երիցյանը, որի նկատմամբ հետախուզում էր հայտարարված ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ իրականացված մահափորձի քրեական գործի շրջանակներում:

«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, «իշխանություններին, սակայն, չի հաջողվում ռուսներից ստանալ Ռոբերտ Երիցյանին, ով իբր մահափորձի պատվիրատուն է»: Թերթը տեղեկացնում է նաեւ, որ Պետեկամուտների կոմիտեի կուլիսներում համառորեն լուրեր են շրջանառվում կոմիտեի ներկայիս նախագահ Գագիկ Խաչատրյանի մոտալուտ պաշտոնանկության մասին: Ըստ թերթի, նախագահացուների թվում է Խաչատրյանի ներկայիս տեղակալ Արտակ Շաբոյանը՝ «Շակալ» մականունով, եւ մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանը: Ըստ թերթի, բարոյական նկարագրով՝ այդ երեքը իրարից ոչնչով չեն տարբերվում:

Ի դեպ, ՀՀ ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ իրենք որեւէ տեղեկություն չունեն Ռոբերտ Երիցյանի ձերբակալման վերաբերյալ: