Մոսկվայում ԱՄՆ դեսպանի նստավայրում մարտի 3-ին տեղի կունենա հանդիսավոր արարողություն, որի ընթացքում ռուսական իշխանություններին կվերադարձնեն 28 հատկապես արժեքավոր պատմական փաստաթուղթ, որոնք 1990-ական թթ. սկզբին գողացել էին ռուսական արխիվներից, գրում է «Կոմերսանտ»-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ գողացած փաստաթղթերը հայտնաբերել էին ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության քննչական ծառայության աշխատակիցները։ Թերթը նշում է, որ այդ փաստաթղթերը պատկանում էին Ռուսաստանի պետական պատմական արխիվին, Ռուսաստանի գրականության եւ մշակույթի պետական արխիվին եւ Ռուսաստանի պետական ռազմական արխիվին։
ԱՄՆ-ի կողմից ռուսական կողմին վերադարձվելիք փաստաթղթերը պատկանում են 18-20-րդ դարերին։ Դրանց թվում՝ 1703-1894թթ. պալատական գերատեսչության 10 բարձրաստիճան կարգադրությունների բնօրինակները, որոնց թվում՝ Պետրոս Առաջինի, Աննա Իոաննովնայի, Ելիզավետա Պետրովնայի եւ Պավել Առաջինի կարգադրությունները։ Հետ կվերադարձվի նաեւ ԽՍՀՄ պաշտպանության ժողովրդական կոմիսարի՝ «Քաղաքացիական օդային նավատորմի 1-ին ջոկային ավիացիոն գունդը Քաղաքացիական օդային նավատորմի 102-րդ ջոկային գվարդիական ավիացիոն գունդ վերանվանելու մասին» հրամանի բնօրինակը՝ Իոսիֆ Ստալինի ստորագրությամբ։
Ենթադրվում է, որ միջոցառումը կանցկացնի Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Թեֆթը։





























