«Վերին Լարս» անցակետում բեռներ փոխադրող մեքենաների հետ կապված խնդիրը հարթվել է: Մի քանի օր շարունակ՝ բեռնատար մեքենաները կայանել էին անցակետում եւ նրանց անհայտ պատճառներով թույլ չէր տրվում անցնել անցակետը: Հայաստանի տրանսպորտի նախարարությունից NEWS.am-ին հայտնեցին, որ խնդիրը կապված է, մասնավորապես, խաղող փոխադրող ընկերությունների հետ եւ խնդիրները տեխնիկական են:
Խաղող փոխադրող ընկերություններից մեկի՝ SPAYKA-ի լոգիստիկայի պետ Գեւորգ Բուդաղյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ երեկ՝ սեպտեմբերի 17-ին, ժամը 19:00-ին խնդիրը հարթվել է եւ անցակետում երկուսուկես օր կայանած իրենց մեքենաները հատել են անցակետը: Նրանց հետ մեկտեղ անցակետը հատել են նաեւ այլ ընկերությունների պատկանող բեռնատարներ, մասնավորապես՝ «Ջերմուկ մայր գործարանի» հանքային ջրերն ու հյութեր տեղափոխող մեքենաներ:
Իսկ թե ո՞րն է եղել անցակետի հետ կապված խնդիրը, այդպես էլ չի բացատրվել: «Ուղղակի վրացական կողմը չէր թողնում եւ վերջ: Ամբողջ օրն ասում էր՝ տեխնիկական խնդիր է, սակայն չէր հստակեցնում, թե ի՞նչ խնդրի մասին է խոսքը: Բայց հետո, ինչպես որ «պրոստո» չէին թողնում, այնպես էլ «պրոստո» թողեցին»,-ասաց նա, հատուկ ընդգծելով, որ խնդիրը փաստաթղթերի հետ կապված չի եղել: «Մեր բոլոր փաստաթղթերը անթերի են եղել: Մենք ISO 9001 սերտեֆիկատ ունենք»,-ասաց նա: Բադուղյանը նշեց, որ բեռնատարները օրեր շարունակ գուցե մնային անցակետում, եթե գործին չմիջամտեր Վրաստանում Հայաստանի դեսպանը: «Առաջին պաշտոնական դեմքը, ով այդ գործին կպել էր, հենց ինքն էր: Նա նույնիսկ մեր վարորդների հեռախոսահամարներն էր ուզել եւ անընդհատ զանգահարում էր եւ տեղեկանում իրավիճակի մասին»,-նկատեց Բուդաղյանը:
Նշենք, որ Հայաստանի համար «Վերին Լարսը» հիմնական ավտոտարանցային կետն է, որով իրականացվում են բեռնափոխադրումներն ու ուղեւորափոխադրումները Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ:
Ինչպես արդեն հաղորդել է NEWS.am-ը, «Վերին Լարս» անցակետը երկարատեւ ընդմիջումից հետո վերսկսել է իր աշխատանքը 2010թ. մարտի 1-ից: Բանակցությունները տարվել են Շվեյցարիայի դեսպանատան միջնորդությամբ: Անցակետը փակվել էր 2008թ. ռուս-վրացական օգոստոսյան պատերազմից առաջ:




























