Ընտրական օրենսգրքի նախագիծը միայն Դաշնակցության հետ քննարկելուց հետո իշխանությունը ուղարկել է Վենետիկի հանձնաժողով։ Այլ խմբակցություններ, մասնավորապես խորհրդարանական ընդդիմություն Հայ ազգային կոնգրեսը չի տեսել այդ նախագիծը։ Իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ դա նորմալ ընթացակարգ է եւ արտառոց բան չկա։ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում հիշեցրել է սահմանադրական փոփոխությունների նախագծի օրինակը, երբ այն հրապարակվեց միայն Վենետիկի հանձնաժողովի հավանությունը ստանալուց հետո, ինչին ինքը վատ է վերաբերում։

Պարոն Մարուքյան, իշխանությունը սկզբում Վենետիկի հանձնաժողով է ուղարկել Ընտրական օրենսգրքի նախագիծը, մինչդեռ խորհրդարանական ուժերի մեծ մասը չգիտի՝ ինչ է գրված նախագծում։ Ինչո՞ւ սկզբում չի ներկայացվել խմբակցություններին։

Շարունակվում է Սահմանադրության փոփոխության փորձը, որը նույնպես մինչեւ վերջ քննարկվեց Վենետիկի հանձնաժողովի հետ, որից հետո քննարկման դրվեց այստեղ։ Սա արդեն պրակտիկա է դառնում, վատ պրակտիկա։ Եւ հիմա պետք է տեսնենք՝ ինչ ենք անում։ Ես վատ եմ վերաբերում դրան, մյուս կողմից էլ իշխանությունները իրենց փաստարկն ունեն, ասում են՝ դուք էլ ձերը գրեք, ով է ձեզ խանգարում։ Եթե լիներ այլընտրանքային նախագիծ, դա նույնպես կարող է քննարկել Վենետիկի հանձնաժողովը։

Բայց ստացվում է՝ հանձնաժողովը ակտիվ համագործակցում է միայն իշխանության հետ։

Որովհետեւ ալտերնատիվ նախագիծ չկար, որ ուղարկեինք։ Եթե լիներ նախագիծ ու ընդդիմադիր ուժերը ուղարկեին, կնայեին ու կարծիք կտային, խնդիրը սրա մեջ է, որ բան չկա ուղարկելու։ Ըստ էության, տարբերություն էլ չկա՝ սկզբից ցույց կտան մեզ, թե Վենետիկի հանձնաժողովին ներկայացնելուց հետո։ Սա քաղաքական մեր համակարգի հիվանդություններից է։ Միեւնույն է, իշխանությունը ինչ ձեւի ընտրական օրենսգիրք գրել է, ոնց ուզելու է, այդ ձեւի ընդունելու է։ Եթե 70-ից ավել  մանդատը իշխանությանն է պատկանում, պարզ չի՞ որ ինչ ընտրական օրենսգիրք ուզենա, կընդունի։

Այդ կարծիքին չէ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, որը մեզ հետ զրույցում ասել էր՝ եթե քաղաքական ու քաղաքացիական ուժերի համախմբում լինի ընտրակեղծիքները բացառող իրենց առաջարկների փաթեթի շուրջ, միջազգային կառույցները կօգնեն առաջ տանել այդ փաթեթը, հասնել հաջողության։ Հավանական չէ՞։

Համախմբվելուն մենք էլ ենք կողմ, եթե առաջարկ լինի, ոչ մի խնդիր չկա, Զուրաբյանի առաջարկած պլատֆորմի շուրջ մենք էլ կհամախմբվենք։ Մենք էլ ենք հանդիպել ե՛ւ ԵԱՀԿ, ե՛ւ արեւմտյան երկրների դեսպաններին, բոլորն էլ ասում են՝ ամեն ինչ անելու են ու նախապայմաններ են դնելու, որ ընտրական գործընթացներին ուղղված օգնությունները լինեն։ Նախապայմանները կեղծիքները բացառող կետերն են,  Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ կոնսեսուսը։ Ընտրակեղծիքների կանխման հետ կապված՝ ինչ կլինի, չեմ կարող ասել, բայց միջազգային կառույցների վրա հույսը դնել, դրա կողմնակիցը չեմ, պետք է ներքին համախմբմամբ այնպես անել, որ իշխանությունը գնա զիջումների։

Ինչպե՞ս ստիպել զիջումների գնալ։

 Ասենք՝ համաձայն չենք։

 Հակառակ դեպքու՞մ..

Չենք ճանաչի Ընտրական օրենսգիրքը։

Հետո՞, ասենք՝ չեք ճանաչում, ի՞նչ է փոխվում։

Մենք չենք ճանաչում, մյուս բոլոր ուժերն էլ չեն ճանաչում, եւ դա բերելու է Հայաստանի միջազգային գործընկերների պայմանների խախտման։ Այսինքն  կստացվի, որ ընդհանուր կոնսենսուս չի լինում, եւ դա չպիտի ընդունվի։ Իսկ կոնսեսուսը միջազգային կառույցների նախապայմաններից մեկն է։