«Հեպատիտ Ց»-ի գործով դատավորը փոխվելու է եւ քննությունը նորից է սկսվելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց գործով ամբաստանյալ, հիվանդանոցի բժիշկ-անեսթեզիոլոգ Երվանդ Ավագյանի փաստաբան Սեյրան Ազիզյանը:
«Գործով վկաները ցուցմունք են տվել, ապացույցներն ուսումնասիրել ենք: Սակայն մեզ տեղեկացրել են, որ դատավոր Նապոլեոն Օհանյանը պիտի փոխվի, քանի որ բուժման պիտի գնա: Հետեւաբար դատաքննությունը նորից կսկսվի»,- ասաց Սեյրան Ազիզյանը:
Փաստաբանի խոսքով՝ Երվանդ Ավագյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. «Մեղադրանքն անհիմն է, իսկ պաշտպանյալս էլ չի կարողանում որեւէ աշխատանքի անցնել, քանի որ փաստաթղթերն առգրավվել են»:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Քաջարանի ԲԿ-ի նախկին տնօրեն Վարդան Ավագյանը, փոխտնօրեն Վիրաբ Մանասյանը, բժիշկ-անեսթեզիոլոգ Երվանդ Ավագյանը, ավագ բուժքույր Նորա Կարապետյանն ու գլխավոր բուժքույր Արմեդա Վանեսյանը խախտել են սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները: Նրանց գործունեության հետեւանքով առաջացել է մարդկանց վիրուսային «Հեպատիտ Ց», ինչի հետեւանքով մի շարք քաղաքացիների առողջությանը անզգուշությամբ պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
5 բուժաշխատողներին էլ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 277-րդ հոդված 2-րդ մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:





























