ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ սպանության մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Ա.Կախյանի տունը  հրկիզելու դեպքի առթիվ։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2016 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 07.25-ին, Լոռու մարզի Վահագնի գյուղի բնակչից ահազանգել է ստացվել ,  որ այրվում է նույն գյուղում գտնվող, Արմեն Կախյանին պատկանող տունը։ Վերջինս Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով 2016 թվականի փետրվարի 22-ից գտնվում է հետախուզման մեջ՝ սպանության մեղադրանքով։

Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ տունը երկհարկանի է, այրվել է 2-րդ հարկի մի հատվածն իր գույքով:

Նույն հարկի ննջասենյակներից մեկում հայտնաբերվել է 0,5 լ տարողությամբ ապակյա շշով, բենզինի հոտով հեղուկ, քարի կտորներ, որոնցով ջարդվել են ննջարանի պատուհանները, իսկ առաջին հարկի պատի տակ` կտորե լաթերով փաթաթված փայտի կտորներ: 2-րդ հարկի միջանցքում` հայտնաբերվել են  նաեւ  այրված «РПК» տեսակի զենքի նմանվող մետաղյա իրան, 3 դատարկ պահունակ, 1 զսպանակ եւ ինքնաձիգի կրակված փամփուշտների 58 պարկուճներ:

Դեպքի առթիվ 2016 թվականի փետրվարի 27-ին Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել  է քրեական գործ (հրկիզման եղանակով գույքի դիտավորյալ ոչնչացում):

Նշանակվել են համալիր դատահրդեհատեխնիկական, դատաապրանքագիտական, ինչպես նաեւ դատաձգաբանական փորձաքննություններ, կազմվել է հանցագործության բացահայտման ուղղությամբ համատեղ ձեռնարկվելիք քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների պլան, հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին, հանցագործության բացահայտման ուղղությամբ կատարվում են լայնածավալ քննչական եւ դատավարական այլ գործողություններ: