ԱՊՊԱ գործակալները կաշառված են: Այս մասին այսօր` փետրվարի 27-ին, «Ավտովարորդները հրաժարվում են հանդուրժել ԱՊՊԱ գործակալների շարունակական խաբեությունները եւ շորթումները» ակցիայի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում նշել է «Ուղեւորափոխադրում» ՀԿ նախագահ Պողոս Օղլուկյանը:
Ըստ նրա, ԱՊՊԱ ընկերությունները ներքին պայմանավորվածություն ունեն եւ ներքին շահերից ելնելով են լուծում վարորդների փոխհատուցման հարցերը ` փոխհատուցելով ավելի քիչ վնաս կրած մեքենայի ծախսերը: Իբրեւ օրինակ նա բերեց Նոր Արեշ 8-րդ փողոց –Այվազովսկի փողոցների խաչմերուկում 6 ամիս առաջ եղած վթարը:
«ԱՊՊԱ-ն մեղավոր հանեց գլխավոր ճանապարհով երթեւեկող մեքենային, մինչդեռ երկրորդական ճանապարհից եկողը չէր զիջել, նա էր մեղավոր: Բայց քանի որ երկրորդականով գնացող մեքենայի ծախսերն ավելի քիչ էին, նրան փոխհատուցեցին»,- նշեց Պողոս Օղլուկյանը:
Ավտովարորդների խոսքով, կայացված որոշման հետ չհամաձայնելու դեպքում իրենք փորձագետի հետ խնդիրը քննարկելու հնավորություն չունեն:
«Ապահովագրական ընկերությունները իբր տալիս են անկախ գործակալների,որ վթարի դեպքում որոշում կայացնի: Վարորդն էլ ուզում է էդ անկախ գործակալին տեսնի` չի կարում: Գաղտնի գործակալին կարելի է գտնել, ԱՊՊԱ գործակալին` ոչ»,- ասաց Պողոս Օղլուկյանը:
Ըստ Պողոս Օղլուկյանի` առանձին խնդիր է նաեւ փոխհատուցման գործընթացի ձգձգումը, ինչի հետեւանքով մեքենաներն ամիսներ շարունակ մնում են տուգանային հրապարակում:
«Վթարից հետո ապահովագրական ընկերությունները պարտավոր են փոխհատուցումը կատարել 21 աշխատանքային օրվա ընթացքում: Եթե բողոքներ կան, նրանք կարող են երկարաձգել մինչեւ 3 ամիս, որպեսզի կատարեն փորձաքննություն: Ես չեմ հասկանում, ինչի՞ համար է 3 ամիսը, եթե փորձաքննությունը կարելի է 1-2 օրվա մեջ էլ կատարել: Կան Այսօր կան մեքենաներ, որ ամիսներով մնում են տուգանային հրապարակում»,- նշեց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մի խումբ ավտովարորդներ, այսօր` փետրվարի 27-ին, հավաքվել են Նոր Արեշ 8-րդ փողոց –Այվազովսկի փողոցների խաչմերուկում եւ պահանջել են դադարեցնել ԱՊՊԱ գործակալների «շարունակական խաբեությունները եւ շորթումները»:
Ավտովարորդների խոսքով, ԱՊՊԱ ընկերությունների անկախ կոչվող գործակալները որոշում կայացնելիս առաջնորդվում են սեփական քմահաճույքներով, ինչին նպաստում են բազմաթիվ խաչմերուկներում ճանապարհային նշանների բացակայությունը:
Նրանք մարտի 3-ին կհավաքվեն Կառավարության շենքի դիմաց`պահանջելով հանդիպում վարչապետի հետ:





























