Վարդգես Գասպարին իր խցակից կալանավորված անձանց կողմից որեւէ բռնության, ծեծի, անձը նվաստացնող վերաբերմունքի, վիրավորանքի չի ենթարկվել: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը:

Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է.

«ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը պարզաբանում է ներկայացրել ակտիվիստ Վարդգես Գասպարիի հետ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցածի մասին, որը ներկայացվում է ստորեւ։

«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ համացանցում դեռեւս ակտիվորեն շարունակվում են շրջանառվել ՎԱՐԴԳԵՍ Գասպարիի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ իրարամերժ հրապարակումները, քրեակատարողական ծառայությունը հարկ է համարում եւս մեկ անգամ անդրադառնալ իրականացված ուսումնասիրության արդյունքներին:

Այսպես՝ Վ. Գասպարին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկ է բերվել 19.02.2016թ-ին եւ տեղաբաշխվել թիվ 9 կարանտինային խցում: Թիվ 7 կարանտինային խցում վերջինս երբեւէ չի եղել:

22.02.2016թ-ին Վ. Գասպարին տեղաբաշխվել է թիվ 20 խուց եւ ծանոթանալու նպատակով խցակիցների՝ իրեն ուղղված հարցերին չի պատասխանել եւ պահանջել է չշփվել իր հետ: Շուրջ 15 րոպե անց Վ. Գասպարին պառկել է խցի հատակին եւ ոտքի կանգնելու խցակիցների հորդորներին պատասխանել է, որ ինքը գիտակցում է իր արարքները եւ հրաժարվում է վեր կենալ` հայտարարելով հացադուլ եւ ջրադուլ:

Հաջորդ օրը՝ 23.02.2016թ., Վ. Գասպարին տեղաբաշխվել է թիվ 9 կարանտինային խուց: Խուց մտնելուց հետո Վ. Գասպարին այստեղ եւս պառկել է գետնին, չի ցանկացել շփվել խցակիցների հետ, հրաժարվել է գետնից վեր կենալ եւ պառկել մահճակալին:

Նույն օրը՝ ժամը 00-00:30-ի սահմաններում, նշված խուց են տեղափոխել այլ կալանավորված անձի, եւ երբ խցի դուռը բացվել է, Վ. Գասպարին անմիջապես խցից դուրս է եկել` հրաժարվելով վերադառնալ խուց, այնուհետեւ հայտարարել է, որ չի ցանկանում մտնել խուց, քանի որ խցակիցներն իրեն հորդորում են սնունդ ընդունել, պառկել մահճակալին, հարվածում են իրեն, եւ պառկել է միջանցքի գետնին:

Քրեակատարողական հիմնարկի հերթապահ բուժակի կողմից Վ. Գասպարին ենթարկվել է մարմնական զննության, որի արդյունքում վերջինիս մոտ մարմնական վնասվածքի որեւէ հետք չի հայտնաբերվել:

Կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Վ. Գասպարին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի թիվ 20 եւ 9 խցերում իր խցակից կալանավորված անձանց կողմից որեւէ բռնության, ծեծի, անձը նվաստացնող վերաբերմունքի, վիրավորանքի չի ենթարկվել:

24.02.2016թ. Վ. Գասպարին իր իսկ խնդրանքով տեղափոխվել է թիվ 006 խուց եւ հիմնարկի պետին դիմում է ներկայացրել հացադուլը եւ ջրադուլը դադարեցնելու մասին:

Նկատի ունենալով, որ ներկայումս «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կատարվում է հետաքննություն, հուսով ենք, որ հասարակության շահագրգիռ անդամներն այսուհետ զերծ կմնան հիմնազուրկ հայտարարություններ տարածելուց: Հետաքննության արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին ահազանգել էր, որ իրեն խցակիցները բռնությունների են ենթարկում: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այս առնչությամբ հայտարարել էր, որ նման բան չկա, Վարդգես Գասպարին ինքն է վատացրել հարաբերությունները խցակիցների հետ, երբ կալանավայրում պառկել է գետնին:

Ահազանգից հետո Մարդու իրավունքների նոր պաշտպան Արման Թաթոյանը դիմել էր գլխավոր դատախազին ու առաջարկել քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով գործընթաց սկսել: Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը ՀՔԾ-ին հանձնարարել է նյութեր նախապատրաստել Գասպարին բռնությունների ենթարկելու վերաբերյալ: