Երեւանի քաղաքապետարանն արձագանքել է Օպերայի տարածքում ծառերի ապօրինի հատման վերաբերյալ ահազանգին:

Այս առնչությամբ քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է.

«Տեղեկացնում ենք, որ Օպերայի շենքի հարակից տարածքում այսօր իրականացված ապօրինի ծառահատումների ահազանգի հետքերով տվյալ տարածք են այցելել Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության եւ «Կենտրոն կանաչապատում» ընկերության մասնագետները՝ տեղում պարզելով, որ ապօրինաբար հատվել է երկու հացենի տեսակի ծառ:

Ապօրինի ծառահատում իրականացնելու փաստով կազմվել է համապատասխան ակտ, նաեւ նախապատրաստվել են գրություններ, որոնք կուղարկվեն ՀՀ բնապահպանության նախարարության Երեւան քաղաքի բնապահպանական պետական տեսչությանն ու

Երեւան քաղաքի ոստիկանությանը՝ համապատասխան ընթացք տալու համար:

Երեւանի քաղաքապետարանը դատապարտում է ապօրինի ծառահատման ցանկացած դեպք եւ հերթական անգամ նախազգուշացնում, որ նման իրավախախտում կատարող յուրաքանչյուր ոք կենթարկվի պատասխանատվության»:

Նշենք, որ հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը Ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ էր հրապարակել՝ նշելով, որ այս ծառերը հատվել են Օպերայի շրջակայում։

«Ինձ մեկը կբացատրի՞, թե Օպերայի շրջակայքում այս հաստաբուն ծառերն ինչու՞ են հատվում։  Ես հրաշալի հիշում եմ, որ անցյալ տարի այս ծառերը կանաչ էին ու առողջ, հիմա ինչու՞ են այսպես անխնա կտրել: Առանց այդ էլ քաղաքի կենտրոնում օդ չկա շնչելու, որպես ծառատյացության դրսևորում Հյուսիսային պողոտան էլ կառուցեցին, ընդհանրապես անապատ են դարձրել,իսկ ի՞նչ եք շնչելու, այ բարբարոսներ »,- գրել էր նա։