Սահմանամերձ Բերդավանում ապրող 14-ամյա Ադելա Ազատյանը, որի մոտ կոկորդի ուռուցք էր հայտնաբերվել,  ավարտել է ճառագայթային բուժումը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ադելայի մայրը՝ Սոնա Ազատյանը:

«Մեկ շաբաթ առաջ ենք ավարտել ճառագայթային բուժումը, արդեն տանն ենք: Ադելան իրեն լավ է զգում, բայց մի քիչ թույլ է, քանի որ դեռ լավ սնվել չի կարողանում, ճառագայթային բուժման հետեւանքով կոկորդը ցավում է: Բժիշկներն ասել են, որ մեկ ամսից կկարգավորվի»,-ասաց Սոնա Ազատյանը՝ նշելով, որ ապրիլին՝ անալիզներ հանձնելուց հետո միայն պարզ կլինի Ադելայի հետագա բուժման ընթացքը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մոսկվայում վիրահատվելուց հետո, Ադելան հունվարի 4-ից Երեւանում սկսել է  ճառագայթային բուժումը: Ադելայի մոտ հայտնաբերված գոյացության մի մասը  Մոսկվայում վիրահատության միջոցով հեռացվել էր, մյուս մասը Երեւանում ճառագայթային բուժման միջոցով է հեռացվել:

Նշենք, որ Սոնա Ազատյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ աղջկա վիրահատության գումարը հավաքել օգնել են բարեկամները, համագյուղացիները, բարի անծանոթներն ու մի շարք նախաձեռնություններ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սահմանամերձ Բերդավանում ապրող 14-ամյա Ադելային շտապ վիրահատություն է հարկավոր Մոսկվայում, նրա մոտ հայտնաբերվել է կոկորդի բարորակ գոյացություն: Ադելային Մոսկվայում վիրահատելու գումար հավաքելու համար բացվել էին բանկային հաշվեհամարներ: