Արցախյան հերոսամարտի մասնակից, ազատամարտիկ Արմեն Մկրտչյանն ու նրա չորսհոգանոց ընտանիքը դեռ հույս ունի, որ իրենց բնակարան կտան: Մկրտչյանների ընտանիքի մասին NEWS.am-ի հրապարակումից հետո ազատամարտիկին կանչել են ԼՂՀ փոխվարչապետի գրասենյակ եւ խոստացել փաստաթղթերն ուղարկել ԼՂՀ կառավարություն:

«Մի քանի օր առաջ ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն ինձ ընդունեց, հարցրեց` կերթա՞ս ապրես Իշխանաձորում, էնտեղ տներ են կառուցում: Ասի` ամբողջ կյանքում դրա մասին եմ երազել, իհարկե, կերթամ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Մկրտչյանը:

Արմենի խոսքով, ինքը փոխվարչապետի գրասենյակ է ներկայացրել պահանջված բոլոր փաստաթղթերը, խոստացել են դրանք ուղարկել Լեռնային Ղարաբաղի կառավարությանը:

«Ասին` էնտեղ սիրիահայերի համար տներ են կառուցում, եթե հնարավորություն լինի, ինձ էլ կտան: Բայց հաստատ ոչ մի բան չասին` որ իմանամ կլինի կամ չի լինի», նշեց ազատամարտիկը:

Թե ինչքան ժամանակ կպահանջվի, որպեսզի ԼՂՀ կառավարությունը որոշի` իրականություն դարձնել իր սահմանները պաշտպանած հերոսի տուն ունենալու երազանքը դեռեւս պարզ չէ, ընտանիքը հույսով սպասում է:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Արցախյան հերոսամարտի մասնակից, ազատամարտիկ Արմեն Մկրտչյանի չորսհոգանոց ընտանիքը Արթիկի ծայրամասային բնակարաններից մեկում վարձով է բնակվում: Ընտանիքն ամեն ամիս կանգնում է նույն խնդրի առջեւ` կկարողանա վճարել կոմունալ ծախսերը, թե ստիպված կլինի ձմռան գիշերները լուսացնել սառը բնակարանում` առանց լույսի ու գազի:

Երկու դուստրերի ու կնոջ նվազագույն կարիքները հոգալու համար Արմենը փողոցներից ապակյա շշեր ու տարաներ է հավաքում, տանում հանձնում: Արմեն Մկրտչյանի խոսքով, մի քանի անգամ դիմել է Պաշտպանության նախարարություն` բնակարան հատկացնելու խնդրանքով: Պատասխան է եկել` եթե հաստատվի, որ հաշմանդամության կարգ ունի, կզբաղվեն այդ հարցով: Տարիներն անցել են, սակայն բնակարանն այդպես էլ չի հատկացվել:

Ես փողով հայրենիք պահած չեմ. Ազատամարտիկի ընտանիքը գոյատեւում է 32.000 դրամ նպաստով: