Հայաստանի կազակության հարցերով խորհուրդը դիմել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին՝ խնդրելով վարձակալության տակ առնել 19-րդ դարի հայտնի գործիչ Միխայիլ Լորիս Մելիքովի տունը: Այս մասին NEWS.am-ին հայտնել են Խորհրդից:

1830-1840-ական թթ. ճարտարապետ Միխայիլ Բիկովսկի կառուցած շենքը գտնվում է քաղաքի կենտրոնի Միլյուտինսկի նրբանցքում:

«Մեզ համար շատ թանկ է ցանկացած  պատմական դետալ, որը կապ ունի նման նշանավոր անձի հետ, ինչպիսին Լորիս Մելիքովն է, որը նաեւ մեր հայրենակիցն է: Լորիս Մելիքովը նշանակալի ավանդ է ունեցել կազակների գործունեության մեջ: 1863-1875թթ. Նա Տերսկի կազակների զորքերի ատամանն էր»,- ասել է Հայաստանի կազակության հարցերով խորհրդի  նախագահ, Հայաստանի ԶՈւ գեներալ-լեյտենանտ Միխայիլ Գրիգորյանը:

Միխայիլ Լորիս Մելիքովը (1825-1888) նոր ժամանակների Հայաստանի հայտնի իշխանական տոհմերից մեկի ներկայացուցիչն էր: Նա Ռուսաստանի պատմության մեջ հայտնի է որպես հմուտ զորահրամանատար եւ նահանգապետ: Որտեղ որ նա կառավարիչ էր նշանակվում, շատ արագ նվաճում էր տեղի բնակիչների համակրանքը:

1850-ական թթ. Լորիս Մելիքովը մասնակցել է ռազմական գործողությունների սկզբում՝ Կովկասում, հետո՝ Ղրիմի պատերազմում, որտեղ կռվում էր թուրքական զորքերի դեմ: Այդ տարիներին  նա ծառայում էր ականավոր հայազգի զորահրամանատար Վասիլի Բեհբութովի հրամանատարության ներքո:

1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմի տարիներին Լորիս Մելիքովը ղեկավարում էր Արդահանի եւ անառիկ համարվող Կարսի ամրոցների գրավումը: