Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում վերջերս վերսկսել են շների ոչնչացումը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց աբովյանցի կենդանասեր Մելինեն:
«Փետրվարի 24-ի առավոտյան 7-ն էր կրակոց լսեցի, իջա`տեսա Գամփռը կրակված, արյունլվա ընկած: Հետեւի ուղղությամբ էին կրակել, տեսնենք՝ կկարողանա քայլել, թե ոչ»,-ասաց կենդանասերը:
Մելինեի խոսքով` Աբովյանում շներին ոչնչացնում են ոչ միայն կրակելու միջոցով, այլեւ վրաերթի ենթարկելով:
«Մինչեւ Գամփռին տեղափոխեցինք մեր տուն, իրեն էի խնամում, զանգ ստացանք, որ մի շուն էլ`Աստղիկը, պատահական ավտոմեքենայի տակ է ընկել, բայց ինձ թվում է, որ դա էլ է նույն մարդկանց ձեռքի գործը, ուղղակի վրաերթի են ենթարկել: Ոտքի կոտրվածք ունի, երկաթ են տեղադրել»,-նշեց նա:
Միլինեն նշեց, որ որեւէ կոնկրետ կազմակերպություն չի զբաղվում շներին ոչնչացմամբ, այլ գործում են քաղաքացիներ, որոնք համաձայնում են որոշակի գումարի դիմաց այդ գործ անել:
«Ցանկացած մարդ, որը ունի հրացան, կամ մեքենա, ու չունի սիրտ, պատրաստ է ոչնչացնել շներին»-ասաց կենդանասերը:
Նշենք, որ կենդանիների պաշտպանությամբ զբաղվող «Դինգո թիմը» փետրվարի 26-ից վերսկսել է շների սպանդը դադարեցնելու եւ ՀՀ Կառավարությունից Կենդանիների պաշտպանության մասին օրենք ընդունելու պահանջով բողոքի ակցիաները: «Դինգո թիմը» շների սպանդի դեպքեր է արձանագրել նաեւ Երեւանում եւ ՀՀ մարզերում:
































