Կոտայքի մարզի Հատիս համայնքում քիչ չեն խնդիրները` խմելու ջրի բացակայությունից մինչեւ գյուղմթերքի մթերման խնդիր եւ էժանացում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց համայնքապետ Սամվել Գարսեւանյանը:

Նրա խոսքով, Հատիսում լուրջ է հատկապես խմելու ջրի հարցը, տարեցտարի աղբյուրները ցամաքում են, ինչի հետւանքով գյուղ հասնող ջուրը պակասում է:

«Ջրի ցանցը կա, ջուրը` ոչ:  25 կմ հեռու աղբյուրներից է ջուրը գալիս`ինքնահոսի, 7-8 գյուղ էդ գծի վրա է նստած, տարին տարու վրա աղբյուրները ցամաքում են, էլ գյուղ ջուր չի հասնում»,- նշեց Սամվել Գարսեւանյանը:

Հատիսցիների անջուր առօրյան ավելի է դժվարացնում այն, որ գյուղմթերքը չի վաճառվում, իսկ վաճառվելու դեպքում էլ `բավականին էժան գնով: Համայնքապետի խոսքով,  եթե նախկինում գյուղացիները հաճարը վաճառում էին 220-250 դրամով, ապա այս տարի` 120-125 դրամով:

«Ներկա դրությամբ թեփն ավելի թանկ է, քան հաճարը: Գյուղացիների համար ավելի լավ է իրենց 100 դրամանոց հաճարը տան անասունին, քան 160 դրամով թեփ առնեն: Կաթն էլ են էժան առնում, հիմա 150 դրամ է, մի երկու ամսից ավելի կէժանանա»,- ասաց համայնքապետը:

Սամվել Գարսեւանյանի հավաստմամբ`  7,5 մլն դրամ բյուջեն բավարար չէ այս խնդիրները լուծելու համար, հատկապես այն դեպքում, երբ միայն 5,5 մլն-ը ծախսվում է գյուղապետարանի 7 աշխատողների աշխատավարձի վրա:

«Մի տարի լուսավորության հարց լուծեցինք, մի տարի ջրի ցանցն անցկացրինք: 2 տարի գումարը հավաքում ենք, որ մի տարի գործ անենք»,- ասաց գյուղապետը:

Նրա կարծիքով, խնդիրների տակ կքած հատիսցիների առօրյան թեթեւացնելու միակ ճանապարհը պետական համակարգված մոտեցում ցուցաբերելն է:

«Պետությունը պետք է պայմաններ ստեղծի, որ կազմակերպությունները գան մթերում իրականացնեն մեզնից, ոչ թե մարդիկ շուկա տանեն հանձնեն, շուկայում էլ ինչ գին ուզեն` ասեն»,- նշեց նա: