Հայստանում ընտրացուցակները Վրաստանում գործող մոդելով մաքրելու Հայ ազգային կոնգրեսի առաջարկը ընդունելի է նաեւ ՕԵԿ խմբակցության համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

«Առաջարկն արվել է , արդեն իսկ  մոտ 6 առաջարկ էլ կա,  մենք էլ ավելացրել ենք ու քննարկում ենք»,-ասաց պատգամավորը: Նշենք, որ Վրաստանում օրեր շարունակ այս մոդելին անձամբ ծանոթացել է Արամ Մանուկյանը եւ պնդում է, որ այն արդյունավետ է ընտրակեղծիքները կանխելու գործում ու հնարավոր է մի քանի ամսում ներդնել մեր երկրում:

«Մենք կողմնակից ենք ու գտնում ենք, որ քաղաքացիների գրանցումը պետք է կատարվի 50/50, այսինքն` նույնականացման գործընթացը պետք է լինի եւ պատկերի արտահայտմամբ եւ մատնահետքի, դրանք պրիմիտիվ սարքեր են եւ գործում են զուգահեռաբար, եւ սարքն է նույնականացնում եւ պատասխանում է` դու այդ տեղամասում քվեարկելու իրավունք ունես, թե ոչ: Եւ բնականաբար զուգահեռաբար մարդու գործոնը կա, որ երկու փաստ կարողանանք համադրել»,-ասաց պատգամավորը:

Նշենք, որ Վրաստանում ընտրացուցակները քաղաքացիների նկարներով են: Եւ բացի դա` երկու ցուցակ կա, մեկը  երկրում փաստացի գտնվողների համար է, մյուսը նրանց համար, ովքեր վերջին վեց ամսում չեն եղել երկրում եւ վերադարձել են ընտրության օրերին: