ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Հայաստանի ընտրացուցակները  վրաստանյան  մոդելով մաքրելու մասին ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանից է լսել եւ պատրաստ է միանալ այդ առաջարկին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:

«Մեծ հաշվով, եթե համախմբման կարիք լինի, որ այդ առաջարկը անցնի, մենք պատրաստ ենք ցանկացած ընտրական գործընթացները վերահսկող նոր մեխանիզմի շուրջ համախմբվել ու միանալ այդ պահանջին»,-ասաց Մարուքյանը:

Ըստ պատգամավորի` ովքեր պայքարում են ընտրակեղծիքների դեմ, պետք է համախմբվեն, քանի որ ընդհանուր շահը  մեկն է:

Նշենք, որ երկուշաբթի Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումներ են սկսվելու նաեւ հասարակական կազմակերպությունների հետ թեեւ այն դեռ չի հրապարակվել: Նախագիծը  ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, թերեւս մարտի կեսից այն կներկայացվի քաղաքական ու քաղաքացիական  ուժերին: