Մարտի 1-ին Ազատության հրապարակում հանրահավաք չի լինելու, կլինի բացման խոսք, ապա երթ դեպի Մյասնիկյանի արձանի մոտ: Այս մասին, այսօր` փետրվարի 29-ին, մարտիմեկյան ողբերգական իրադարձությունների նախօրեին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ հավելելով, որ Հայաստանի իշխանություններն անում են ամեն ինչ` «Մարտի 1-ի» գործը կոծկելու, մոռացության տալու նպատակով:
«Մարտի 1-ի գործի բացահայտման առումով բացարձակ առաջընթաց չկա: Իշխանությունները գնում են գործը կոծկելու, մոռացության տալու ճանապարհով: Իշխանություններն ամեն ինչ անում են, որ ոչ մեկը չպատժվի եւ կատարվածը հնարավորինս մոռացության տրվի»,- ասաց Արամ Մանուկյանը:
Պատգամավորի պնդմամբ, թեեւ ոճրագործությունից անցել է ութ տարի, սակայն ոչինչ չի բացահայտվել, իրենք ոչ մի հարցի պատասխան չեն ստացել. «Եթե գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն ասում է, որ «Մարտի 1»-ի էջը փակված է, ուրեմն ի՞նչ սպասել: Մեկ տարի առաջ Կոստանյանը հանդիպեց ծնողների հետ, տղամարդավարի խոստացավ պատժել մեղավորներին, սակայն առ այսօր ոչինչ չկա»:
ՀԱԿ խմբակցության քարտուղարի խոսքով` մարտի 1-ը պետք է ամրագրվի` որպես պայքարի օր. իրենց խմբակցությունն արդեն նմանատիպ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես է եկել:
Հիշեցնենք, որ 2008թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հավաքվել էին Ազատության հրապարակում եւ պահանջում էին ընտրությունների վերանայում: Նրանք 10 օր շարունակ շուրջօրյա հանրահավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրեց Ազատության հրապարակում հավաքվածներին, իսկ նույն օրը երեկոյան իշխանությունները հրազեն կիրառեցին անզեն ցուցարարների դեմ, որի հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի, այդ թվում երկու ոստիկան: Մինչ օրս 10 զոհերի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել:





























