Հայաստանում հաշմանդամության խումբ նշանակելու չափանիշները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին: Այս մասին այսօր` փետրվարի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը:

Նրա խոսքով` Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձինք բնակչության ընդամենը 6-7 տոկոսն են կազմում (200.200 մարդ):  Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` աշխարհում այդցուցանիշը 15 տոկոս է:

«Սա նշանակում է, որ Հայաստանում չափանիշները շատ ավելի խիստ են: 6-7 տոկոսը շատ ցածր ցուցանիշ է, հատկապես եթե հաշվի առնենք այն, որ Հայաստանում պայմաններն այնքան էլ նպաստավոր չեն, որպեսզի հաշմանդամության տոկոսը ցածր լինի»,- նշեց նա:

Արմեն Ալավերդյանի կարծիքով, հաշմանդամություն ունեցող անձանց թվի թվացյալ քիչ լինելը պայմանավորված է  նաեւ նրանով, որ հատկապես հեռավոր գյուղերում մարդիկ խուսափում են երեխաների համար հաշմանդամության կարգ հանել:

«Ըստ որոշ կարծրատիպերի` հաշմանդամություն ունեցող երեխա ունենալը շատ ամոթ բան է: Դա իրոք խնդիր է, քանի որ եթե չունենք իրական վիճակագրություն, ապա չենք կարող իրական հաշվարկներ անել եւ իրական լուծումներ առաջարկել» ,- ասաց նա:

Վերջինի խոսքով`անելիքներ կան նաեւ ներառական կրթության ոլորտում: Չնայած Հայաստանում այսօր առկա 150 ներառական դպրոցների թվին, որոնց մինչեւ 2025թ. կավելանան հանրապետության մյուս բոլոր դպրոցները, հատուկ դպրոցները կվերածվեն ռեսուրսային կենտրոնների, այնուամենայնիվ, դա բավարար չէ, որպեսզի ներառական կրթության հետ կապված խնդիրները համարվեն լուծված:

«Քանի որ նույնիսկ այսօրվա ներառական դպրոցները ո'չ հարմար են, ո'չ բաց են հաշմանդամություն ունեցող բոլոր երեխաների համար: Ես մեծ մտավախություն ունեմ, որ 2025թ. էլ մենք կունենանք բավական մեծ տոկոսով ձեւականություն: Ծրագրային, մասնագետների պատրաստվածության, ծնողների կարծրատիպերի բարձր տոկոսի առումով դեռ անելիքները շատ են»,- նշեց նա:

Նշենք, որ 2016թ. հայտարարվել է հավասար հնարավորությունների եւ հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար պայմանների ստեղծման տարի: Արմեն Ալավերդյանի կարծիքով` սա հնարավորությունն է, որպեսզի մեկ անգամ եւս բարձրաձայնվեն հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներն ու լուծման ուղիներ առաջարկվեն: