Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի փաստաբաններ Տիգրան Եգորյանը եւ Դավիթ Գյուրջյանն այսօր՝ փետրվարի 29-ին, բոյկոտեցին Երեւանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստը: Փաստաբանները լքեցին նիստերի դահլիճը, այն բանից հետո, երբ նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանը հայտարարեց, որ դատաքննությունը կշարունակվի 6 ժամով նիստերի դահլիճից հեռացված Գասպարիի բացակայության պայմաններում:

«Դուք արհամարհեցիք մեր առարկությունները, մենք առանց մեր պաշտպանյալի չենք կարող մասնակցել նիստին: Կամ ապահովեք նրա ներկայությունը, կամ մենք հեռանում ենք»,-ասաց փաստաբան Տիգրան Եգորյանը:

Դատավորը տեղեկացրեց, որ փաստաբաններն առանց իր թույլտվության իրավունք չունեն լքել նիստերի դահլիճը, իսկ եթե լքեն նրանց նկատմամբ դատական սանկցիա կկիրառվի:

«Մենք արդեն լքում ենք»,-դատավորի նախազգուշացմանը ուշադրություն չդարձնելով ասաց Եգորյանը:

Փաստաբանների արարքը դիտվեց որպես անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ: Դատավոր Նելլի Բաղդասարյանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Փաստաբանների նկատմամբ սանկցիա կիրառելու մասին որոշումը կհրապարակվի ավելի ուշ:

Նշենք, որ այսօր՝ Վարդգես Գասպարին կրկին պառկել էր դատարանում, այն բանից հետո, երբ դատավորը ընդհատել էր նրա հայտարարությունը եւ ընդամենը 30 վայրկյան ժամանակ տվել միջնորդություն անելու համար: Գասպարիի նկատմամբ սանկցիա կիրառվեց, նա նիստերի դահլիճից հեռացվել է 6 ժամով:

Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին փետրվարի 19-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել է, ապա փետրվարի 26-ին Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ` ազատ է արձակվել:

Նա մեղադրվում է վարչական գործով նշանակված դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող ոստիկանության ներկայացուցիչների եւ դատական նիստը նախագահող դատավորի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ: