Երկու եղբայրների ինքնասպանություն փորձելու դեպքն ուսումնասիրելու համար Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբի եւ բռնությունների կանխարգելման վարչության աշխատակիցներն այս պահին գտնվում են Նուբարաշենի գիշերօթիկում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց գրասենյակի մամուլի պատասխանատու Ռոնա Ահարոնյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2016թ. փետրվարի 27-ին ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ժամը 19:00-ին քաղաքացին ահազանգել է եւ հայտնել, որ իր թոռները` Դ. եւ Հ. Ա-երը գտնվում են Նուբարաշեն վարչական շրջանի գիշերօթիկ դպրոցում եւ իրեն հայտնել են, որ ցանկանում են ինքնասպան լինել` կախվելու միջոցով:
Գիշերօթիկ դպրոց ժամանած փրկարարները երեխաների խնամքի եւ պաշտպանության համար թիվ 2 գիշերօթիկ հաստատության սաներ, 10-ամյա Դ.Ա.-ի, 14-ամյա Հ.Փ.-ի հետ որոշ ժամանակ հոգեբանական զրույց ունենալուց հետո կարողացել են համոզել, որպեսզի երեխաները չդիմեն այդ ծայրահեղ քայլին:
Երեխաների խնամքի եւ պաշտպանության Երեւանի թիվ 2 գիշերօթիկ հաստատությունից, սակայն, պնդում են, որ փետրվարի 27-ին ԱԻՆ կեղծ ահազանգ է ստացվել, դպրոցում ոչ մի երեխա չի ցանկացել ինքնասպան լինել:




























