Բացօթյա առեւտրով զբաղվող եւ դրանով օրվա հացի խնդիրը լուծող երեւանցիներին այլընտրանքներ առաջարկել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 29-ին, Երեւանի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ նշել է քաղաքապետ։ Տարոն Մարգարյանը:
«Պետք է փորձենք նրանց չնեղացնելով ցույց տալ ճիշտ ուղղությունները, թե որտեղ կարող են իրականացնել իրենց առեւտուրը: Մեր վարչական շրջաններում ունենք փակ շուկաներ, կրպակներ: Միանշանակ է, որ Երեւանում պետք է բացառենք բացօթյա առեւտուրը, բայց դա չի նշանակում, որ մեր աշխատանքները պետք է կազմակերպենք կոպիտ եղանակով: Այդ ամենը պետք է արվի քաղաքացիներին բացատրելով, օգնելով եւ ուղղորդելով դեպի առեւտրի կազմակերպման համար նախատեսված տարածքներ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Խորհրդակցության ժամանակ նշվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 9 վարչական արձանագրություն: Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել եւ ապամոնտաժվել է չգործող 5 կրպակ: Հունվար-փետրվար ամիսներին ապամոնտաժվել է չգործող 54 կրպակ: Քաղաքապետը հանձնարարել է ապօրինի առեւտրի կանխարգելման ուղղությամբ տարվող միջոցառումների շրջանակում ակտիվացնել քաղաքացիների հետ տարվող բացատրական աշխատանքները՝ նրանց ուղղորդելով առեւտրի համար նախատեսված տարածքներ:




























