Զարմանալի է, որ իշխանություններն առանց լայն քննարկման ընտրական օրենսգրքի նախագիծն ուղարկել են Վենետիկի հանձնաժողովին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 29-ին, Ընտրական օրենսգրքի վերաբերյալ քննարկման շրջանակներում նշել է ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ հավելելով, որ իրենք, ցավոք, ծանոթ չեն իշխանությունների կողմից մշակվող ընտրական օրենսգրքի մասին, ինչն անթույլատրելի է (ֆոտոռեպորտաժ):
Նրա խոսքով, նոր ընտրական օրենսգրքով պետք է փակվեն ընտրակեղծարարների հնարավորությունները, այդ թվում ստորագրված ընտրացուցակների հրապարակմամբ:
«Խոսվում է մի փաստաթղթի մասին, որին ծանոթ չենք: ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ իրենք էլ զարմացան եւ ասացին, որ դա անթույլատրելի է. ընտրական օրենսգիրքը պետք է բաց քննարկվի, որպեսզի հնարավորինս կոնսենսունսային տարբերակով ընդունվի»,-ասել է նա:
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ռեյտինգային ընտրական համակարգը, երբ համամասնական ընտրակարգում ընտրողը քվեարկելու է նաեւ կուսակցական ցուցակների կոնկրետ անձանց օգտին, նա արձագանքելն է. «Նախ պետք է հասկանանք, թե ինչ է իրենից ենթադրում ռեյտինգային համակարգը: Սա մեզ համար մութ անտառ է, որի մասին չենք կարող հստակ մեր դիրքորոշումը հայտնել, քանի ո չգիտենք, թե ինչ նկատի ունեն «ռեյտինգային» ասելով: Մենք առաջարկել ենք պարզ մոտեցում. ինչպես կանայք ունեն քվոտաներ յուրաքանչյուր կուսակցության համամասնական ցուցակում, նույնկերպ, եթե ուզում էինք մարզերը ներկայացված լինեն, կարող էինք մարզերին այդ քվոտան տալ, 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգում, ի՞նչ ռեյտինգի մասին է խոսքը»:





























