Ըստ ՌԳԱ սոցիոլոգիայի ինստիտուտի փորձագետների զեկույցի՝ Ռուսաստանի միջին խավի տնտեսական ու սոցիալական դրությունը ճգնաժամի հետեւանքով դեռ չի փոխվել, գրում է «Կոմերսանտը»:
Միջին խավին է պատկանում ռուսաստանցիների 40 տոկոսը, նրանց մեծ մասին հաջողվում է պահպանել իրենց աշխատատեղերն ու եկամուտները: Ընդ որում ոմանց հաջողվել է նույնիսկ կրճատել պարտքերը:
Փորձագետների խոսքով Ռուսաստանի միջին խավը որոշվում է հետեւյալ չափորոշիչներով՝ միջնակարգ մասնագիտական կրթության առկայություն, ոչ ֆիզիկական աշխատանք, բնակության վայրի միջին ցուցանիշների մակարդակին համապատասխան եկամուտ:
Ռուսաստանում միջին խավի հիմնական տարբերությունը աշխարհի զարգացած երկրների մեծ մասից այն է, որ թե կայուն պայմաններում, թե ճգաժամի ժամանակ դրա մեծամասնությունն են կազմում ձեռնարկությունների ու պետհաստատությունների աշխատակիցները:
Մինչեւ ճգնաժամը միջին խավի ընտանիքներում մեկ շնչին բաժին հասնող միջին եկամուտը օրական 16 դոլարն էր, ու նույնիսկ գնողունակության հավասարության սկզբունքը հաշվի առնելով՝ բնակչության այս խավի միջին ներկայացուցչի եկամուտները 10 դոլարից շատ էին, ինչը համապատասխանում է զարգացող երկրներում նման խմբերի եկամուտների ստորին շեմին:
Միջին խավի ներկայացուցիչների ընդամենը 23 տոկոսի վիճակն է վատացել: Ընդ որում ավելի քան 60 տոկոսը 2014-2015 թթ. իր հասարակական կարգավիճակի որեւէ փոփոխություն չի նշում, իսկ մնացածը նույնիսկ աճ են նշում: Ճգնաժամի հետեւանքով աշխատանքից զրկվել է միջին խավի ներկայացուցիչների ընդամենը 2 տոկոսը: Ընդ որում նրանց երեք քառորդը շատ արագ նոր աշխատանք է գտել:
Ինչպես շեշտում են հետազոտության ներկայացուցիչները, չնայած միջին խավն այսօր շատ ավելի հաջողակ է բնակչության մյուս խավերի համեմատ, բայցեւայնպես 10-15 տարվա կտրվածքով այդ խավի առաջխաղացման դինամիկան հուսադրող չէ:
Համաշխարհային բանկը նույնպես նույնատիպ գնահատականներ էր տվել Ռուսաստանի այս խավի հեռանկարների վերաբերյալ: Ըստ ՀԲ-ի, միջին խավի աճը կանգնել է, իսկ աղքատության մակարդակը՝ վերադարձել տասնամյա վաղեմության ցուցանիշներին:




























