Շատ երկրներում կանայք իրենց ազգությունը չեն կարող նշել, դա պիտի որոշի ամուսինը. այսպես է շուրջ 10 երկրում, իսկ շուրջ 31 երկրում կինն իրավունք չունի ստորագրել որեւէ փաստաթուղթ, դա բացառապես տղամարդկանց է վերապահված:
Այս մասին նշվել է փետրվարի 24-26-ը Մարոկկոյում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի կանանց խորհրդի հերթական նիստի ժամանակ, որին մասնակցել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը:
ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ կին խորհրդարանականները քննարկել են համաշխաշխարհային նոր զարգացումների եւ մարտահրավերների պայմաններում կանանց դերին եւ մասնակցությանը վերաբերող հարցեր: Զեկուցողները միակարծիք են եղել, որ ֆրանկոֆոն կանայք ավելի ակտիվ եւ նախաձեռնող պիտի լինեն իրենց երկրներում երկրի կառավարման, օրենսդիր մարմիններում աշխատանքի եւ այլ հարցերում: Փորձագետները ներկայացրել են տարբեր երկրներում կանանց իրավունքների մասին իրենց ուսումնասիրությունների արդյունքները:
Մարգարիտ Եսայանն իր ելույթում ներկայացրել է կնոջ դերը մեր երկրի կառավարման գործընթացում: Նա խորհրդարանականներին իրազեկել է, որ ՀՀ խորհրդարանում 13 կին պատգամավոր կա, իսկ կառավարությունում՝ 3 կին նախարար: Եսայանն իր գործընկերներին ներկայացրել է հայկական ընտանիքի կազմավորման եւ զարգացման մոդելը եւ պատասխանել է բազմաթիվ հարցերի:





























