Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության վերահսկողությամբ մայրաքաղաքում մարտի 1-ից մեկնարկելու են ծառերի գարնանային էտի աշխատանքները:
Այս առնչությամբ, քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է.
«Վստահեցնում ենք, որ աշխատանքների նկատմամբ սահմանված է խիստ վերահսկողություն, եւ ողջ գործընթացն իրականացվելու է ագրոկանոններին համապատասխան:
Հիշեցնենք, որ ծառերի գարնանային էտի նպատակը ծառերի կենսունակության մեծացումն է, իսկ խորը էտը կկիրառվի բացառապես քայքայված ծառարմատ ունեցող ծառերի նկատմամբ: Էտման աշխատանքներն ընթանալու են ինչպես փողոցների հարակից մայթեզրյա հատվածներում, այնպես էլ զբոսայգիներում եւ բակային տարածքներում:
Նշենք նաեւ, որ խորը էտի կենթարկվեն հիմնականում թեղիները, որոնք կազմում են Երեւան քաղաքի ծառատեսակների մոտ 30 տոկոսը: Թեղիները քաղաքային միջավայրում 50 տարուց ավելի չեն ապրում, իրենց տեսակով բավականին շուտ են հիվանդանում, հետեւաբար անհրաժեշտ է կամ մեծ քանակով քիմիական բուժանյութեր օգտագործել, կամ դրանք խորը էտի ենթարկել, քանի որ առանձին դեպքերում հիվանդ թեղիներից միջատները հայտնվում են մարդկանց բնակարաններում: Վստահեցնում ենք, որ գարնային էտը Երեւան քաղաքի ծառերի կյանքը զգալիորեն կերկարացնի»:





























