Civil voice ՀԿ-ի երիտասարդներն այսօր`փետրվարի 29-ին, հավաքվել էին  Երեւանի քաղաքապետարանի դիմաց՝ բողոքելու Օպերայի մերձակայքում օրեր առաջ տեղի ունեցած ապօրինի ծառահատման դեմ:

Ակցիա մասնակիցները սթափության կոչ արեցին Երեւանի քաղաքապետարանին` պահանջելով դադարեցնել ապօրինի ծառահատումները եւ իրենց ներկայացնել` թե կարգազանցների նկատմամբ ինչ տույժ-տուգանքներ են կիրառվելու:

«Մենք եկել ենք մեր անհամաձայնությունը եւ դժգոհությունը հայտնելու ծառահատումների դեմ, որոնց հաջորդեցին քաղաքապետարանի PR հիշեցնող իմիտացիոն մամլո հաղորդագրությունները: Երեւանը մի’անապատացրեք, պատասխանատո'ւ եղեք ձեր գործունեության համար»,- նշեց Civil voice ՀԿ-ի ներկայացուցիչ Բաբկեն Հարությունյանը:

Նրա խոսքով, քաղաքապետարանը վերջին տարիներին փոխել է գործելաոճը` մասսայական ծառահատումներից անցնելով մի քանի ծառ հատելու եղանակին:

«Մի քանի ծառ են կտրում, որ մեծ աղմուկ չբարձրանա, բողոքեն, անցնի գնա: Մենք կոչ ենք անում հասարակությանը պայքարել դրանց դեմ, իսկ քաղաքապետարանին` դադարեցնել այդ հատումներն ու հատված  ծառերի փոխարեն նոր ծառեր տնկել»,-  ասաց Բաբկեն Հարությունյանը:

Ակցիայի մասնակիցների կոչերին, սակայն, քաղաքապետարանից ոչ ոք չարձագանքեց: Բաբկեն Հարությունյանի խոսքով` չեղավ մայրաքաղաքի քաղաքապետին վայել արձագանք:

 ՀԿ-ի ներկայացուցիչները գրավոր կդիմեն քաղաքապետարան` պահանջելով գրավոր պատասխանել կատարված ծառահատումների եւ նախատեսվող պատժամիջոցների մասին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  Երեւանի քաղաքապետարանն արձագանքել է Օպերայի տարածքում ծառերի ապօրինի հատման վերաբերյալ ահազանգին, որում նշված էր. «Ապօրինի ծառահատում իրականացնելու փաստով կազմվել է համապատասխան ակտ, նաեւ նախապատրաստվել են գրություններ, որոնք կուղարկվեն ՀՀ բնապահպանության նախարարության Երեւան քաղաքի բնապահպանական պետական տեսչությանն ու Երեւան քաղաքի ոստիկանությանը՝ համապատասխան ընթացք տալու համար:

Երեւանի քաղաքապետարանը դատապարտում է ապօրինի ծառահատման ցանկացած դեպք եւ հերթական անգամ նախազգուշացնում, որ նման իրավախախտում կատարող յուրաքանչյուր ոք կենթարկվի պատասխանատվության»: