Այն քաղաքական ուժերը, որոնք իշխանության նախաձեռնած Ընտրական օրենգրքին դեմ են, իրենք պետք է ստեղծեն այլընտրանքային Ընտրական օրենսգրքի նախագիծ եւ ներկայացնեն հանրությանն ու Վենետիկի հանձնաժողովին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց Վանաձորի Հելսինկյան գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։ Այս առաջարկը նա ներկայացրեց նաեւ հասարակական կազմակերպությունների եւ քաղաքական ուժերի հետ համատեղ հանրային քննարկման ժամանակ։

«Այսինքն՝ սպասողական դիրքից, որի մեջ մտնում է նաեւ քննադատությունը, պետք է անցնենք նախաձեռնողական եւ կոնկրետ առարկայական ոճի։ Ազգային ժողովի պատգամավորները կարող են ստորագրել եւ այդ փաստաթուղթը ուղարկել Վենետիկի հանձնաժողով։ Իրենք օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ են եւ կարող են»,-ասաց Արթուր Սաքունցը։

Նա նշեց, որ պատգամավորները, քաղաքական ուժերն ունեն ռեսուրսներ՝ պատրաստելու այդ նախագիծը։

«Հարկ եղած դեպքում քաղաքացիական հասարակությունն էլ կարող է ռեսուրս տրամադրել նախագիծը մշակելու համար, բայց  նախագծի իրավական կարգավիճակը կարող են տալ պատգամավորները կամ խմբակցությունները։ Այսինքն՝ այս կերպ նաեւ պետք է կասեցնել մոնոպոլ պրակտիկան Վենտիկի հանձնաժողով դիմիելու»,-ասաց Սաքունցը։

Ըստ մեր զրուցակցի՝ եթե ազգային մակարդակում հարցը լուծում չի ստանում, հարցի տեղը կարող է լինել միջազգային մարմինը, որը փորձագիտական եզրակացություն է տալիս։ Սա է ճանապարհը։ Վենետիկի հանձնաժողովն իր ձեռքին ունենալով երկու նախագիծ՝ տեսնելու է տարբերությունը։