Երեւանում փետրվարի 29-ի գիշերը արձակված կրակոցներից որովայնի եւ վերջույթների շրջանում վնասվածքներ ստացած 25-ամյա Արթուր Գեւորգյանի վիճակում դրական տեղաշարժ է նկատվում, նրան միացված արհեստական շնչառական ապարատը անջատել են: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքից:

Նշենք, որ կեսօրվա դրությամբ երիտասարդի վիճակը ծայրահեղ ծանր էր, նա միացված է արհեստական շնչառական ապարատին, սակայն գիտակցությանն նշաններ ցուցաբերում էր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանում փետրվարի 28-ի լույս 29-ի գիշերը կրակոցներ են հնչել: Անհայտ անձինք հրազենային վնասվածք ստացած երիտասարդին բերել, թողել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բակում եւ հեռացել են:

NEWS.am-ի տեղեկություններով վիրավորը Նոր Արեշից է, անունը՝ Արթուր: Դեպքից առաջ 25-ամյա Արթուր Գեւորգյանի մեքենայի մեջ այլ անձինք են եղել, որոնց նա իջեցրել է՝ ասելով, որ հանդիպում ունի: Դրանից որոշ ժամանակ անց տեղի է ունեցել դեպքը:

Մեր տեղեկություններով՝ նա հրազենային վնասվածքները ստացել է Աճառյան փողոցից դեպի հոգեբուժարան տանող ճանապարհին: Արթուր Գեւորգյանի ուղղությամբ արձակվել է 7 կրակոց:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր օր.-ի 34 -104 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: