Արարատի մարզում 2015թ. մարտին «Շտապօգնության» մեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական վթարի գործով ամբաստանյալ Հրաչիկ Կարապետյանը, որը «Շտապօգնության» ղեկին է եղել, պնդում է, որ որեւէ խախտում չի կատարել:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մեղադրյալի փաստաբան Համբարձում Հարությունյանը նշեց, որ այնուամենայնիվ, իր պաշտպանյալն ընդունում է, որ վթարի պահին ալկոհոլի ազդեցության տակ է եղել:

«Հրաչիկ Կարապետյանն իրեն առաջադրված մեղադրանքը մասամբ է ընդունում: Իհարկե, ընդունում է, որ ղեկին նստել է ալկոհոլ օգտագործելուց հետո, բայց պնդում է, որ վթարի մեղավորն ինքը չէ, մյուս մեքենան է եկել եւ հարվածել իրենց: Բացի դրանից, «Շտապօգնության» բաժնի վարիչը, որը վթարի հետեւանքով մահացել է, իմացել է, որ իմ պաշտպանյալն ալկոհոլի ազդեցության տակ է եղել, պետք է չթողներ մեքենա վարել, սակայն ասել է` նստիր մեքենան»,- ասաց Համբարձում Հարությունյանը:

Գործը քննվում է Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Արտաշատի նստավայրում: Առաջին նիստը նշանակված է մարտի 4-ին: Դեռեւս հայտնի չէ` տուժող կողմը քաղաքացիական հայց էլ կներկայացնի, թե ոչ:

Ըստ մեղադրական եզրակացության` «Շտապօգնության» վարորդ Հրաչիկ Կարապետյանը 2015թ. մարտի 14-ին ժամը 20:55-ի սահմաններում գտնվել է միջին ծանրության աստիճանի ալկոհոլային հարբած վիճակում: Կարապետյանն Արտաշատի ԲԿ-ի շտապօգնության բաժանմունքին պատկանող ավտոմեքենայով երթեւեկել է Արարատի մարզի Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհով: Հասնելով Բերդիկ գյուղի խաչմերուկին` իրականացրել է ոչ պատշաճ եւ վտանգավոր երթեւեկություն ու խաչմերուկ մուտք գործելիս` նախապես չհամոզվելով, որ «Գազել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ճանապարհը զիջում է իրեն, ստեղծել է վթարային իրադրություն: Կարապետյանն իր ավտոմեքենայի աջ մասով ընդհարվել է «Գազել» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով անզգուշությամբ առաջացրել է իր մեքենայի ուղեւոր, Արտաշատի ԲԿ ՓԲԸ-ի «Շտապօգնության» բաժնի վարիչ Կարապետ Գրիգորյանի մահը:

Հրաչիկ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Նա ստորագրությամբ ազատ է արձակվել: