Երեւանում փետրվարի 29-ի գիշերը հրազենային վնասվածք ստացած, 25-ամյա Արթուր Գեւորգյանը գիտակցության է եկել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը:
«Արթուր Գեւորգյանի վիճակը ծանր է, սակայն դրական տեղաշարժով: Արհեստական շնչառության ապարատն անջատել ենք, գիտակցություն էլ ունի»,- ասաց Սամվել Կարապետյանը:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն, փետրվարի 29-ին՝ ժամը 01.15-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «երկու ձեռքի, երկու ոտքի, կրծքավանդակի աջ թուլակողի» բազմաթիվ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 25-ամյա Արթուր Գևորգյանը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի և 235-րդ հոդվածի 1-ին մասերով: Քննությունը շարունակվում է:





























