Կոմիտասը խորհրդանշում է ոչ միայն Ցեղասպանություն եւ տառապանքներ, այլեւ հայ ժողովրդի հոգեւոր եւ մշակութային վերածնունդը: Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, Սանկտ Պետերբուրգում վերջերս կանգնեցված Կոմիտաս վարդապետի հուշարձան անցելության ժամանակ նշել է աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրան ուղեկցել են ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւը, Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը եւ հայկական համայնքի ներկայացուցիչները:
«Կոմիտասը մոռացության բազմադարյա քողի տակից վերհանեց եւ վերածնեց հայ երգարվեստի գոհարները, որոնք մեր օրերում հանդիսանում են համամարդկային արժեքներ»,- նշել է Էդուարդ Շարմազանովը:
Այնուհետեւ ԱԺ փոխնախագահն այցելել է Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի, հանդիպել Տեր Պողոս աբեղա Վարդանյանին: Զրուցակիցները կարեւորել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների համակարգված զարգացումը եւ հետագա խորացումը: Անդրադարձ է եղել հոգեւոր եւ մշակութային ժառանգության պահպանմանն առնչվող հարցերին: ԱԺ փոխնախագահն անհրաժեշտ է համարել նոր սերնդին ազգային եւ քրիստոնեական արժեքներով կրթելն ու դաստիարակելը:





























