Հայաստանի էներգետիկ համակարգում վերջին 7 ամիսների կտրվածքով արձանագրվել է մոտ 3,5 միլիարդ դրամի դրական բալանս՝ նախկին մի քանի տարիների ընթացքում  արձանագրված վնասի դիմաց, որը ձեւավորվել է Հայաստանի  էլեկտրական ցանցերում: Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում հայտարարել է արդեն նախկին նախարար Երվանդ Զախարյանը:

Նշենք, որ այսօր՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Լեւոն Յոլյանին:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար Երվանդ Զախարյանին՝ համատեղ աշխատանքի համար, բարձր գնահատել նրա գործունեությունը եւ նշել, որ պարոն Զախարյանի գլխավորությամբ նախարարությունը կատարել է մեծածավալ աշխատանք: Կառավարության ղեկավարի խոսքով՝ էներգետիկ համակարգում առկա են խնդիրներ, որոնց լուծման ճանապարհներն ու հիմքերը հաջողությամբ դրվել են:

Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Լեւոն Յոլյանին՝ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել բեղմնավոր աշխատանք եւ վստահություն հայտնել, որ նրա  գլխավորությամբ բոլոր աշխատանքներն ու ծրագրերն շարունակական եւ արդյունավետ կիրականացվեն:

Երվանդ Զախարյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ կատարած  աշխատանքի բարձր գնահատանքի համար եւ նշել, որ համակարգում անցած երկու տարիների ընթացքում իրականացվել են ծավալուն աշխատանքներ՝ ուղղված էներգետիկ համակարգի ֆինանսական առողջացմանն ու կայունացմանը:

Նրա խոսքով՝ լուրջ աշխատանքներ են տարվել նաեւ կորուստների կրճատման ուղղությամբ եւ ներկա դրությամբ համակարգում կորուստները կրճատվել են երկու տոկոսով: Այս ընթացքում մշակվել է «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչեւ 2036թ.) զարգացման ուղիները» ռազմավարական ծրագիրը, որն արժանացել է կառավարության հավանությանը: Երվանդ Զախարյանը կարեւորել է նաեւ էներգետիկ հաշվեկշռի պահպանման խնդիրը, որի համար ձեւավորվել է նոր մեթոդաբանություն: Նրա տեղեկացմամբ՝ համակարգում վերջին 7 ամիսների կտրվածքով արձանագրվել է մոտ 3,5 միլիարդ դրամի դրական բալանս՝ նախկին մի քանի տարիների ընթացքում  արձանագրված վնասի դիմաց, որը ձեւավորվել է Հայաստանի  էլեկտրական ցանցերում: Նրա խոսքով՝ էներգետիկայի ոլորտում սկսվել են մի քանի լուրջ ծրագրեր, այդ թվում՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը, Հայաստան-Իրան բարձր լարման երրորդ գծի շինարարական աշխատանքները, իսկ առաջիկայում կհայտարարվի Հայաստան-Վրաստան բարձր լարման գծի շինարարության մրցույթը: Երվանդ Զախարյանը նշել է, որ այս բոլոր համակարգային աշխատանքներն իրականացվել են հանրապետության նախագահի աջակցությամբ, գտնվել նրա ուշադրության կենտրոնում, ինչպես նաեւ ՀՀ վարչապետի ամենօրյա օժանդակությամբ: Երվանդ Զախարյանը շնորհավորել է նորանշանակ նախարար Լեւոն Յոլյանին եւ վստահություն հայտնել, որ նրա փորձի ու նախարարության անձնակազմի բարձր պրոֆեսիոնալիզմի արդյունքում բոլոր ծրագրերը հաջողությամբ կիրականացվեն եւ խնդիրները կլուծվեն:

Իր հերթին, Լեւոն Յոլյանը շնորհակալություն է հայտնել հանրապետության Նախագահին եւ վարչապետին՝ վստահության համար եւ նշել, որ դա մեծ պատասխանատվություն է իր համար: Նորանշանակ նախարարը նշել է, որ էներգետիկայի եւ բնական պաշարների ոլորտները Հայաստանի համար ունեն ռազմավարական կարեւորագույն նշանակություն եւ վստահություն հայտնել, որ ինքն ու նախարարության մասնագիտական մեծ ներուժ ունեցող աշխատակազմը կկատարեն երկրի բարձրագույն ղեկավարության կողմից իրենց առջեւ դրված խնդիրները: