Հայաստանում հնարավորություն է առաջանում ստեղծել էկո արտադրանք, որովհետեւ այսօր ամբողջ աշխարհը գնում է այս տեսակին: Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, «Հայաստանի գյուղական համայնքներում ագրոկենսաբազմազանության պահպանության եւ օգտագործման միջոցով կենսապայմանների բարելավում» ծրագրի ներկայացման ժամանակ, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:

Ծրագիրն իրականացվելու է կլիմայի փոփոխության հետեւանքների դեմ պայքարի եւ հարմարվողականության միջոցառումների շրջանակներում: Ծրագրով նախատեսվում է համայնքներում ներդնել ագրոկենսաբազմազանության կայուն կառավարման այնպիսի մեխանիզմներ, ինչպիսին է էկոլոգիապես մաքուր արտադրանքի սպառման նոր շուկաների ներգրավումը: Ծրագրի թիրախային տարածքներն են Արարատի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերը:

Այս տարածքներում նախատեսված գործողությունները կնպաստեն վայրի բուսատեսակների եւ կենսաբազմազանության պահպանմանը եւ նաեւ հնարավորություն կստեղծեն համայնքների բնակչության եկամուտների աճի ավելացման համար:

«Այն բույսերը, որոնք այսօր արդեն Կարմիր գրքում են, օգտագործվել են եւ որպես դեղորայք, եւ որպես կերակրատեսակ, մենք փորձելու ենք ավելացնել այդ բուսատեսակների տարածքները: Նաեւ հնարավորություն է ստեղծվում, որպեսզի մենք կարողանանք ստեղծել էկո արտադրանք, որովհետեւ այսօր ամբողջ աշխարհը գնում է այս տեսակին: Բոլորը ցանկություն են հայտնում շուկայից ձեռք բերել մաքուր արտադրանք», - նշել է նախարարն ու հավելել, որ որ հիմնականում ընտրվել են այնպիսի տարածքներ, որտեղ հնարավոր կլինի ստանալ էկո արտադրանք:

«Միեւնույն ժամանակ այդ տարածքները պետք է կապ ունենան շուկայի հետ, որպեսզի գյուղացին կարողանա իր արտադրանքը հասցնել շուկա», - շեշտեց Արամայիս Գրիգորյանը:

Ծրագիրը շարունակական է լինելու: Առաջին փուլի ժամկետը մեկ տարի է, բյուջեն կազմում է 800 հազար դոլար: