Երեւանի Պուշկինի փողոցի նախկին մի քանի տասնյակ բնակիչներ, որոնց տները 12 տարի առաջ բացառիկ գերակա հանրային շահ են ճանաչվել եւ քանդվել, իրենց բնակարանների խնդիրը լուծելու պահանջով այսօր՝ մարտի 1-ին, հավաքվել էին Երեւանի քաղաքապետարանի դիմաց:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Պուշկինի նախկին բնակիչները «Էդիկ Թախունց, խարդախ տնաքանդ պաշտոնյա», «Զախարյանը Հյուսիսային պողոտայի բնակիչներին խաբեց-քցեց փողոց», «Դատարանը՝ կաշառատու» պաստառները պարզած՝ նրանք պահանջում են ուշադրություն դարձնել իրենց խնդրին: Այն բնակիչները, որոնք իրենց բնակարանների դիմաց արդեն փոխհատուցում են ստացել, նշում են, որ իրենց վատ պայմաններով բնակարան են հատկացրել, այժմ պահանջում են իրենց նախկին բնակարաններին համապատասխան գումարային փոխհատուցում:
«Պահանջում ենք, որ մեր փոխհատուցումները տան, հերիք է արդեն, առողջությունից էլ ենք ընկել, ամեն ինչից էլ»,- նշեց տուժած քաղաքացիներից մեկը:
«Մարգարյա՜ն, Մարգարյա՜ն»,- նրանց վանկարկումներին ի պատասխան ոստիկանները տեղեկացրին, որ քաղաքապետարանի ներկայացուցիչը կիջնի եւ կլսի նրանց:
Ոստիկանների հորդորները՝ դադարեցնել վանկարկումները, քաղաքացիներին ավելի նյարդայնացրին. «Պարապ մարդիկ չենք, որ եկել ենք էստեղ կանգնել ենք, 13 տարին քիչ չի, չէ՞: Թող իրենց երեխեքն էլ մեր օրն ընկնեն»,-ասում էին բողոքող քաղաքացիները:
Ի վերջո նրանց մոտեցավ քաղաքապետարանի ներկայացուցիչը՝ հորդորելով ընդունարան գնալ եւ քննարկել հարցը: Քաղաքացիները, սակայն, հրաժարվեցին:
«Մենք վա՞տ ենք եղել: Միշտ եկել եք, ինչ-որ համաձայնության ենք եկել, հիմա էլ ասում եմ եկեք ներս՝ զեկուցեմ քաղաքապետին, տեսնենք ով է ձեզ ընդունում»,- առաջարկեց պաշտոնյան:
Ցուցարարներին սա չգոհացրեց: «Դուք ավելի լավ է մի՛ խառնվեք, մենք ձեզ հարգում ենք, բայց չենք գա: Ավելի լավ է՝ ասեք մի հրացան առնեն, գան բոլորիս սպանեն, մենք էլ պրծնենք, դուք էլ»,- նշեց բնակիչներից մեկը:






























