Ծաղկաձորի ավտոճանապարհին փետրվարի 2-ին  տեղի  ունեցած ավտովթարի հետեւանքով մարմնի տարբեր վնասվածքներով Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված Էդիկ Իսայանն այսօր՝ մարտի 1-ին, դուրս է գրվել հիվանդանոցից:  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Էդիկին փետրվարի 7-ին Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ: Նրա մոտ հայտնաբերվել էր ազդոսկրի գլխիկի կոտրվածք եւ փետրվարի 17-ին նրան վիրահատել էին:

Իսկ նույն ավտովթարի հետեւանքով մարմնի տարբեր վնասվածքներով Հրազդան բժշկական կենտրոնից Երեւանի Աստղիկ բժշկական կենտրոն տեղափոխված  Կարեն Մանուկյանի վիճակը շարունակում է ծանր մնալ, նա միացված է արհեստական շնչառության ապարատին, անգիտակից վիճակում է:

Նշենք, որ մեզ հետ զրույցում Ռոբերտ Կուրղինյանը նշել էր, որ Կարեն Մանուկյանը ունի գլխուղեղի լուրջ վնասվածքներ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին փետրվարի 2-ին տեղի է ունեցել ավտովթար, բախվել են  «Ֆոլցվագեն Վենտո» մակնիշի 34 OS 642 (վարորդ՝ 1991 թ. ծնված Կ. Ս.) եւ «ՎԱԶ-21014» մակնիշի 35 PO 699 համարանիշների ավտոմեքենաները: