«Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ, ՕԵԿ մամուլի նախկին խոսնակ Արթուր Միսակյանը մտադիր է դառնալ Հրազդանի քաղաքապետ: Այսօր` մարտի 1-ին, NEWS.am-ի հետ զրույցում Միսակյանը նշեց, որ քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին վերջնական որոշումը կկայացվի կուսակցության մարտի 10-ի կառավարման խորհրդի նիստում:

Նա իր շանսերը բարձր գնահատեց, իսկ իր մրցակիցներին` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանին, քաղաքի ներկայիս քաղաքապետ Արամ Դանիելյանին եւ նրա խորհրդական Հովհաննես Պրվատյանին համարեց արժանի մրցակիցներ:

«Ես իմ շանսերը բավական բարձր եմ գնահատում, հակառակ դեպքում ուղղակի իմաստ չէր լինի պայքարելու, ընտրարշավի մեջ մտնելու: Իմ շանսերը բավական մեծ են, ես ես դա նկատում եմ իմ ամենօրյա հանդիպումներում, քննարկումներում, մարդկանց տրամադրությունները շոշափելիս, մարդկանց հետ խոսելու ժամանակ: Այնպես որ այդ իմաստով որեւէ մտավախություն չունեմ: Ես բոլորին համարում եմ արժանի մրցակիցներ, թերահավատություն կամ որեւէ այլ բան նրանց նկատմամբ չունեմ քան հարգանք որպես մրցակցի»,-ասաց Միսակյանը:

Նրա խոսքով` «Հայկական վերածնունդ» կուսակցության կսատարի իրեն ընտրություններում:

«Կլինի համապատասխան որոշում դրանից ածանցվող բոլոր քաղաքական հետեւանքներով»,-նշեց ՕԵԿ-ականը:

Արթուր Միսակյանը վստահեցրեց, որ քաղաքապետ դառնալու դեպքում Հրազդանում շատ բան կփոխվի:

«Հրազդանում շատ բան կա փոխելու, եւ ես կարծում եմ, որ իմ ընտրվելու դեպքում Հրազդանը կունենա նոր շունչ, նոր որակ, նոր թարմություն, նոր վերածնունդ, այնպես որ անելիքները շատ են»,-ասաց նա:

Նշենք, որ թեկնածուները կարող են առաջադրվել մարտի 13-18-ն ընկած ժամանակահատվածում: