Իրանն ի սկզբանե աջակցել եւ այսուհետ էլ աջակցելու է Ադրբեջանին ղարաբաղյան հարցում։ Այս մասին Թեհրանում հայտարարել է խորհրդարանական հարցերով Իրանի փոխնախագահ Սեյիդ Մոհամեդրզա Միրտաջադին՝ ելույթ ունենալով «Ադրբեջանի Հանրապետություն. Անցած փորձը եւ սպասվող հեռանկարներ» խորագրով իրանա-ադրբեջանական խորհրդաժողովին։

Նա կովկասյան տարածաշրջանը, մասնավորապես՝ Ադրբեջանը,  շատ կարեւոր է համարել ինչպես Իրանի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար։  Վերջինիս խոսքով, տարածաշրջանն ունի կարեւոր աշխարհաքաղաքական դիրք, դեպի ծով ելքով հարուստ էներգառեսուրսներ, եւ այստեղ միմյանց հավասար բնակվում են տարբեր կրոնների ներկայացուցիչներ։

Անդրադառնալով իրանա-ադրբեջանական հարաբերություններին, Սեյիդ Մոհամեդրզա Միրտաջադին նշել է, որ Իրանը կրոնական առումով ոչ մի նմանություն չունի մահմեդական որեւէ այլ երկրի հետ։ Ադրբեջանի բնակչության 95 տոկոսը շիա մահմեդականներ են։ Փոխնախագահի խոսքով, Իրանում լավ գիտեն, թե Ադրբեջանում ինչ նշանակություն է  տրվում կրոնին։ Նա կոչ արեց Ադրբեջանի ղեկավարությանը ցուցաբերել ավելի մեծ ուշադրություն այդ ոլորտին։

Մեկօրյա խորհրդաժողովն անց է կացվում Թեհրանի համալսարանում եւ կազմակերպվել է Իրանի Կովկասյան հետազոտությունների ինստիտուտի կողմից ու Իրանում Ադրբեջանի դեսպանատան աջակցությամբ։