Մոսկվան հույս ունի գործնական արձագանք ստանալ Մերձավոր Արեւելքից քրիստոնյաների զանգվածային ելքը կանգնեցնելու կոչին: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) նստաշրջանի բարձր մակարդակի սեգմենտի շրջանակում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:   

«Առանձնահատուկ տագնապ է հարուցում տարածաշրջանի քրիստոնյա բնակչության եւ այլ էթնիկ փոքրամասնությունների ճակատագիրը, նշել է նա: Մեկ տարի առաջ հենց այստեղ` Ժնեւում, մենք հատուկ համաժողով անցկացրեցինք այդ խնդրի վերաբերյալ, որն այդ ժամանակվանից ավելի է սրվել»:

Լավրովն ուշադրություն է հրավիրել վերջերս Հավանայում Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի եւ Հռոմի Ֆրանցիսկոս պապի արած համատեղ հայտարարությանը, որը միջազգային հանրությանն ուղղված կոչ էր պարունակում` անհապաղ գործողություններ ձեռնարկել կանգնեցնելու քրիստոնյաների զանգվածային ելքը մերձավորարեւելյան երկրներից:  «Հույս ունենք, որ այս կոչը գործնական արձագանք կստանա, այդ թվում նաեւ ՄԻԽ-ի գործունեության մեջ, ասել է նախարարը: Կնպաստենք դրան»: