Մոսկվան անթույլատրելի է համարում պետությունների ներքին գործերին  միջամտելու համար մարդու իրավունքները որպես առիթ օգտագործելը։ Այս մասին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Նոր աշխարհակառուցվածքի տարբեր ասպարեզներում կարծիքների բախումն անխուսափելիորեն  անդրադառնում է նաեւ իրավապաշտպանության ոլորտին։ Սակայն անթույլատրելի է պետությունների ներքին գործերին  միջամտելու համար մարդու իրավունքները որպես առիթ օգտագործելը, ինչը հանգեցնում է երկրների եւ տարածաշրջանների ապակայունացմանը։ Կա նաեւ իրավապաշտպանության ոլորտում գործող պարտավորությունները այլ կերպ մեկնաբանելու, ՄԱԿ աշխատանքը վերաձեւակերպելու եւ ոչ ունիվերսալ հայացքներն ու արժեքները տարածելու զգալի վտանգ, ինչը վնաս է հասցնում կազմակերպության միջպետական բնույթին եւ պետությունների ինքնիշխան հավասարության սկզբունքին»,- ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ նման փորձերը դժվարացնում են համատեղ աշխատանքը, վարկաբեկում մարդու իրավունքները համատեղ հարգելու բարձրագույն նպատակները։

«Այսօր առավել, քան երբեւէ կարեւոր է պահպանել իրավունքի բոլոր տեսակների՝ քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային իրավունքների նկատմամբ հավասար վերաբերմունքի սկզբունքը։ Դրանց յուրահատկությունը, անքակտելիությունը, փոխկապակցվածությունը հրապարակվել են դեռեւս 1993թ. Վիեննայում։ Սակայն գործնականում միջազգային քննարկումներում նախկինի պես անհավասարակշռություն է նկատվում։

Պետք է դասեր քաղել «արաբական գարնանից» եւ վերջերս տեղի ունեցած այլ նման իրադարձություններից, երբ ժողովրդավարության արտաքին դրսեւորումը ֆետիշիզմի եւ աբսուրդի վերածելը  դառնում է գլխավոր նպատակ՝ անտեսելով հասարակությունների մշակութային ավանդույթները, ինչն հանգեցրել է մարդասիրական աղետի՝ միլիոնավոր մարդկանց զրկելով բնակարանի, կրթության, սննդի, բժշկական ծառայությունների եւ այլ իրավունքներից, իսկ շատերին էլ՝ կյանքի իրավունքից»,- ասել է Լավրովը։